Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քանի դեռ չկա հանրային պահանջ, արդյունք չենք ունենա» (տեսանյութ)

Քաղաքականություն
xazinyan

Սահմանադրական փոփոխությունների նախագծում հիմնական խնդիրը ոչ այնքան քրեական դատավարությանը վերաբերող նոր իրավակարգավորումներն են, որքան դրանց կիրառության մակարդակի բարձրացումը: Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Դրա համար մենք պետք է ունենանք լավ իրավակիրառող, ասում է Գագիկ Ղազինյանը. «Ոչ պակաս կարեւոր է նաեւ իրավակիրառվողը՝ հասարակությունը, քաղաքացին, որը կլինի նաեւ պահանջատեր:Քանի դեռ արդարադատության նկատմամբ չկա հանրային պահանջ, որեւէ արդյունք չենք ունենա»: Արդյոք լավ իրավակիրառող ունենալ-չունենալը պամանավորված չէ՞ այն քաղաքական ուժով, որը նախաձեռնել է սահմանադրական այս փոփոխությունները, պարոն Ղազինյանը խնդրեց քաղաքական ուղղվածության հարցեր իրեն չտալ՝ ինքը խուսափում է քաղաքականությունից. «Այն, որ պատշաճ իրավակիրառողի դեպքում մենք շատ ավելի լավ արդյունքներ կունենայինք նաեւ գործող Սահմանադրությամբ, դա կասկածից դուրս է, բայց այն, որ կարելի էր չգնալ եւ դրանով հասնել մեր ցանկացած արդյունքին, ոչ: Հենց միայն դատական իշխանության մասով մենք ունենք այնպիսի հեղափոխական լուծումներ, որոնք գործող օրենսդրությամբ ուղղակի արգելակում են ոլորտի՝ մեր ցանկալի արդյունքները ցույց տալ»: Փաստաբանների այն դժգոհությունները, ըստ որի՝ Վճռաբեկ դատարանի նախագահն ընտրվելու է ԱԺ կողմից, իսկ ԱԺ-ում լինելու է իշխող մեծամասնություն, Գագիկ Ղազինյանը նշեց. «Խնդիր կա այստեղ: Եթե մի քիչ կասկած է առաջացնում իրավակարգավորումների մասով ամբողջ դատական իշխանության, ապա հենց այդ հատվածն է, որի վրա հղում էր կատարել նաեւ Վենետիկի հանձնաժողովը՝ նշելով, որ մի քիչ ավելի է քաղաքականացվում խնդիրը: Ես ինքս էլ ունեմ կասկածներ, միանգամից դա ասեմ՝ միանշանակ դա չեմ ընկալում: Այնպես չէ, որ ցանկացած հարց հանձնաժողովում անցել է կոնսենսունսով եւ բոլորի միաձայն համաձայնությամբ, ուղղակի այս պարագայում գերակշռել է այն տեսակտը, որ մենք այս դեպքում հրապարակային, մրցութային ձեւով ենք անում դա: Նաեւ հույս ենք ունեցել, որ ԱԺ-ն կլինի շատ ավելի բարձրորակ եւ վեր կկանգնի թե անձնական, թե կուսակցական ամբիցիաներից, կընտրեն իրոք լավագույններին»: