Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս տարի եղանակային 4 ռեկորդ ենք սահմանել (տեսանյութ)

Հասարակություն
snow7

«Տեղումների քանակը ձմռան բոլոր երեք ամիսներին կանխատեսվում է նորմայից ավել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նա նշեց, որ համեմատաբար տաք ձմեռ է սպասվում. «Դեկտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1 աստիճանով, հունվարին եւ փետրվարին նույնպես բարձր կլինի 1 աստիճանով, իսկ Շիրակում եւ Արարատյան դաշտում՝ մինչեւ 2 աստիճանով»,-ասաց նա՝ ներկայացնելով դեկտեմբեր ամսին Հանրապետությունում սպասվող եղանակը: «Լեռնային գոտիներում՝ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջին կեսին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին դեռեւս կտատանվի +4-ից +7 աստիճանի սահմաններում, իսկ ամսվա երկրորդ կեսին արդեն գիշերային ժամերին սպասվում է օդի ջերմաստիճանի անկում՝ մինչեւ -18 –ից -23 աստիճանով: Լոռու մարզում ամսվա առաջին կեսին օդի ջերմաստիճանը հիմնականում ցերեկը կտատանվի +10-ից +14 աստիճանի սահմաններում, ամսվա երկրորդ կեսին գիշերը առանձին օրերին կնվազի մինչեւ -15-ից -20 աստիճան: Տավուշում ամսվա առաջին կեսին օդի ջերմաստիճանը կտատանվի +12-ից +15-ի սահմաններում, ամսվա երկրորդ կեսին՝ -10-ից -15 աստիճան ցուրտ կգրանցվի հատկապես գիշերային ժամերին: Սյունիքի մարզում ամսվա առաջին օրերին հովտային գոտիներում ցերեկը սպասվում է +10-ից +15 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում՝ +7-ից +9-ը, իսկ ամսվա երկրորդ կեսին գիշերը հովտային շրջաններում ջերմաստիճանը կնվազի -7-ից -12 աստիճանով, լեռնային շրջաններում՝ -11-ից -16: Արարատյան դաշտում, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռներում ամսվա առաջին կեսը դեռեւս տաք կլինի: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հիմնականում կտատանվի +8-ից +10 աստիճանների սահմաններում, իսկ ամսվա երկրորդ կեսին գիշերային ժամերին կնվազի մինչեւ -12-ից -15: Երեւանում ամսվա առաջին կեսին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հիմնականում կտատանվի 8-10 աստիճան տաքության սահմաններում, իսկ ամսվա երկրորդ կեսին գիշերը ցածրադիր մասերում ջերմաստիճանը հնարավոր է նվազի -12-ից -15 աստիճանով, իսկ բարձրադիր մասերում՝ -10-ից -12 աստիճանով»: Գագիկ Սուրենյանը նշեց նաեւ, որ Հայաստանն այս տարի եղանակային չորս ռեկորդ է սահմանել՝ նորմայից տաք ձմեռ, շոգ ամառ, խոնավ հոկտեմբեր, իսկ նոյեմբերն աչքի ընկավ փոթորկային քամիներով, որոնց առավելագույն արագությունը գրանցվեց Վանաձորում՝ հասնելով մինչեւ 40 մ/վրկ-ի: