Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե դատապարտյալը շախմատի առաջնության է մասնակցում, կարող է պայմանական ազատվե՞լ (տեսանյութ)

Հասարակություն
paymanakan-vaxajamket

Պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմում ներկայացրած 5000 դատապարտյալներից նույնիսկ 200-ը ազատ չեն արձակվում, եւ Հայաստանում     պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգը ամենախնդրահարույցներից է: «Եթե նայենք թվերով, այս տարի եւ անցյալ տարի 4 տոկոսով են ազատ արձակվում մարդիկ, ովքեր կարող են ըստ օրենքի ազատվել»,- ահազանգում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի իրավաբան Աննա Մելիքյանը: Մերժումներից մեկն այն է, որ համապատասխան մարմինները պնդում են, թե անձինք չեն ուղղվել եւ պատիժը պետք է կրեն հիմնարկում։ «Եվ վարչական հանձնաժողովը եւ առավել եւս անկախ հանձնաժողովը գրեթե չունեն չափանիշներ, որով կարող են կողմնորոշվել: Շատ դեպքերում նայում են ինչպիսի հանցագործություն է կատարվել, եթե ծանր է կամ առանձնապես ծանր է լինում, գրեթե անհնար է ազատվել, կամ տեսնում են արդյոք մասնակցել է մշակութային կամ սպորտային միջոցառումներին, թե ոչ: Մեր մտահոգությունն այն է, որ արդյոք անձը, որը երկու անգամ շախմատի առաջնությանն է մասնակցել, արդյոք դա բավարա՞ր է ստուգելու՝ արդյոք նա ուղղվել է, թե ոչ»,- նշում է իրավաբանը: Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից կազմակերպված «Ազատազրկված դատապարտյալների մեկուսացվածության աստիճանի փոփոխությունը և դրա ազդեցությունը պայմանական վաղաժամկետ ազատման վրա» թեմայով կլոր սեղանի ժամանակ առաջարկվեց մշակել ռիսկերի եւ քրեածին կարիքների գնահատման համակարգ, որի հիման վրա էլ յուրաքանչյուր դատապարտյալի համար կմշակվի պատժի կրման անհատական համակարգ եւ 6 ամիսը մեկ իրականում կստուգվի՝ առաջընթաց կա՞, թե ՝ ոչ: Իրավապաշտպան Արման Դանիելյանի խոսքերով՝ մինչեւ անկախ հանձնաժողովի ստեղծումը, դատապարտյալները չէին բողոքում. «Որովհետեւ մեծ մասը ազատվում էր տարբեր կոռուպցիոն մեխանիզմների կիրառման միջոցով»: 35 տարի բանտային համակարգում աշխատած բրիտանացի փորձագետ Ֆիլիփ Թեյլորը նշում է, որ քրեակատարողական հիմնարկում բարեփոխումները բարդ լուծումներ են պահանջում: Մեծ Բրիտանիայում պարզվում է այժմ նույնիսկ ցմահ ազատազրկման դատապարտվածները կարող են վաղաժամկետ պայմանական ազատվել պատիժը կրելու տարբեր փուլերում: Վաղաժամկետ պայմանական ազատ արձակվելուց հետո այդ դատապարտյալը մինչեւ կյանքի վերջ հսկողության տակ է լինում եւ հնարավոր է կրկին վերադառնա ՔԿՀ: