Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորքի գործողությունն արված է ժողովրդին ահաբեկելու համար. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ppp

Մենք գտնվում ենք հերթական կամ գուցե արտահերթ խաչմերուկում, որից կախված է մեր ապագան. այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հիշեցնելով դեկտեմբերի մեկին կայանալիք «Նոր Հայաստանի» հանրահավաքը: Նա համոզված է, որ ժողովուրդը պիտի համախմբվի, որպեսզի իսկապես տիրանա իր սահմանադրական իրավունքին. «Նոր Հայաստան ճակատը վայր դնելով իր մասնակիցների կուսակցական դրոշակը՝ բոլորին հրավիրում է համազգային պայքարի, բոլորիս արժանապատվությունը փրկելու համար: Ամեն ինչ մեզնից կախված չէ, ժողովրդից է կախված, նրանք պիտի դուրս գան եւ պայքարեն, ոչ թե նստեն տանը ու անիծեն խավարը»: Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցնում է՝ այս անգամ աթոռի ու իշխանության կռիվ չէ, պարզապես պահի հրամայական է. «Կոչ ենք անում ժողովրդին չվախենալ, գալ, իրար ներել նախկին սխալները ու դառնալ մի բռունցք: Այս իշխանություն զավթած վարչակազմը պիտի հեռանա, ու ժողովուրդը պիտի ունենա իրական ընտրված իշխանություն»: Եթե որոշում լինի մնալ Ազատության հրապարակում, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը կմիանա ժողովրդին. «Ես ոչ առաջինը կլինեմ, ոչ վերջինը, կմնամ մեջտեղում եւ կմնամ Ազատության հրապարակում, որովհետեւ դա կլինի ժողովրդի որոշումը»: Իշխանությունը եթե ինքնակամ չգնա, ուրեմն պետք է տեւական պայքար սկսել,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը ու վստահեցնում, որ ինքը պատրաստ է շարքային զինվորի նման ամեն ինչ անել. «Պատրաստ եմ կրկին անգամ թեկնածություն դնել, չնայած ավելի շատ կուզեի երիտասարդների կողքին լինել»: «Ժառանգության» առաջնորդն այսօր խոսեց նաեւ երկու օր առաջ ԱԱԾ-ի հատուկ գործողության մասին ու չբացառեց, որ այն արված է ժողովրդին ահաբեկելու համար. «Շատ բաներ ցույց են տալիս այս օպերացիայի անլրջությունը: Մենք չունենք արդար դատական համակարգ, դատախազական համակարգ, ամեն ինչ մի մարդուց է կախված, բայց մենք կսպասենք նախաքննությանը։ Այնուամենայնիվ, նրանք ուզում են ահաբեկել ժողովրդին, իբրեւ թե՝ գործ չունեք, բայց մենք չենք վախենում, մենք գնալու ենք մինչեւ վերջ։ Կապել այս ամենը Փարիզի կամ Ռուսական ինքնաթիռի հետ, կոչել այն ահաբեկչություն, առնվազն չարաշահում է»: Իսկ իր վերջին մեկ ամսվա բացակայությունը պարոն Հովհաննիսյանը բացատրեց այսպես. «Այնպես է ստացվել, որ ես ծնվել եմ ԱՄՆ-ում, իմ հարազատներն ու բարեկամները արտասահմանում են ապրում։ Իմ բացակայությունը ներառում էր մի քանի հարսանիք, մի քանի թաղում եւ Օրրանի համար դրամահավաք»: