Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրիկ Խաչատրյանի որդին՝ տնօրենի օգնական. ի՞նչ ուղղությամբ ենք մենք գնում

Քաղաքականություն
Armen-nkar

Սահմանադրական փոփոխությունները միակուսակցական կառավարման շարունակմանն ուղղված քայլ են և ոչինչ չեն փոխի։ Այս տեսակետն այսօր հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով. «Արդեն Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, նշանակում եք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական։ Էն մեկի տղային նշանակել եք քաղաքապետ։ Պարզ չէ, թե ինչ ուղղությամբ ենք գնում։ Լավ, սահմանադրությունը հասկացանք, բայց դա միայն տեքստով չի, դա պետք է կյանք մտնի»։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը որոշ չափով համամիտ է. «Հիմա կուսակցապետություն է, բոլոր որոշումներն, ըստ էության, կայացվում են Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում, բայց նոր սահմանադրությամբ այդպես չի լինի»։ «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է «Ժառանգության» ներկայացուցիչը գնահատում երեկ հայտնի դարձած լուրը, որ տեռորիստական խումբ է հայտնաբերվել և այն կապում են ընդդիմության անվան հետ, պարոն Մարտիրոսյանը նշեց. «Ես հանդիպման էի Ժիրայր Սեֆիլյանի ու Գարեգին Չուքասզյանի հետ, Ժիրայրն ասաց, որ մեր հետ են փորձում կապել այս դեպքը։ Ես գիտեի՝ կատակ է անում, բայց ասաց՝ չէ, լուրջ եմ ասում։ Դա, իմիջիայլոց, ըստ իս՝ ահաբեկչական խմբավորում չէ, հանցավոր խումբ կարող է լինել։ Եվ ողջունելի է, որ չեզոքացրել են։ Բայց եթե ես մտածեմ, որ դա պատրաստված սցենար է եղել, դա ինձ համար, միանշանակ, անընդունելի կլինի։ Բայց երկու դեպքում էլ տեսնում եմ իշխանությունների ահաբեկումը ժողովրդին, որպեսզի ամսի 1-ի մեր քաղաքացիական խաղաղ անհնազանդությանը չմասնակցեն և քաղաքացիների մոտ այդ վախի մթնոլորտով նաև հանրաքվեն անցկացնեն»։ Գործիչը շեշտեց, որ ցանկացած դեպքում ունենք մեր խնդիրները. «Հայաստանում 1991 թվից սկսած իշխանությունը չի փոխվել։ Չկա որևէ ընտրություն, երբ ընդդիմությունը մասնակցել է և հաղթել»։ Իսկ ՀՀԿ-ական պատգամավորը չցանկացավ գնահատականներ տալ երեկվա այդ միջադեպին և նշեց միայն, որ բարձր է գնահատում իրավապահների աշխատանքը։