Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կհրապարակվի «Ա1+»-ի լրագրողի գործով որոշումը

Հասարակություն
marinka1

Րոպեներ անց Վերաքննիչ քրեական դատարանում կհրապարակվի «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի գործով որոշումը: Հիշեցնենք, որ լրագրողը պահանջում է բեկանել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ակտը եւ պարտավորեցնել նախաքննական մարմնին շարունակել նախորդ տարվա սեպտեմբերի 9-ին ԱԺ բակում տեղի ունեցած միջադեպի առիթով գործի նախաքննությունը։ «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարվածել էր «Ա1+»-ի լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ ipad-ը։ Նա երկրորդ անգամ էլ է փորձել հարվածել, պարզապես վրիպել էր։ ՀՔԾ քննիչը որոշել էր կարճել միջադեպի գործը՝ հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ։ Իսկ այսօրվա դատական նիստի ընթացքում դատավոր Սեւակ Համբարձումյանը դեմ էր տեսանկարահանում անցկացնելուն՝ պատճառաբանելով, թե նույն հեռուստաընկերության լրագրողի մասին է խոսքը եւ որքանով անաչառ կլուսաբանվի դատական նիստը: Այնուհետեւ թույլատրեց դատական նիստի սկզբում տեսանկարահանում անել: Լրագրող Մարինե Խաչատրյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը դատարանին ներկայացրեց նաեւ 54 էջից բաղկացած լրագրողների գործունեությանը խոչընդոտող դեպքեր, սակայն դատավորը այն չկցեց գործի նյութերին: Այսօրվա դատական նիստին դատախազ Հակոբ Ենոքյանը չէր ներկայացել՝ պատճառաբանելով, թե այլ գործով դատական նիստի է: Նիստն անցկացվեց առանց նրա: