Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Բլեյանի պատկերացրած «Կապույտը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
lilit1

Հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանն այսօր հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր ձայնասկավառակը, որը կոչվում է «Կապույտը»: «Ա1+»-ի հետ զրույցում երգչուհին բացահայտեց, թե ինչի հետ է կապում իր պատկերացրած կապույտը: «Ստացվեց այնպես, որ երգերի մեջ կապույտ գույնը ներկա էր: Իմ կարծիքով՝ կապույտը այն ամենասիրուն բաների սիմվոլն է, որ մենք կարող ենք երբեւէ ուզել ունենալ՝ մաքրություն, պարզություն, անսահմանություն, երկինք, ծով: Երգերը հենց իրենք բերեցին նրան, որ ձայնասկավառակը կոչվեց «Կապույտ»: Նաեւ ներառել եմ Չարենցի «Կապույտը» բանաստեղծության հիման վրա երգ, որը շատ փոքրիկ է, բայց իր հետ բերեց անունը եւ նվիրեց ամբողջ սկավառակին»: Սա Լիլիթ Բլեյանի թվով երրորդ ձայնասկավառակն է: Մեր հարցին՝ ինչն է դրդում իրեն ստեղծագործել, երգչուհին պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինչն է դրդում ինձ ստեղծագործել, այդ հարցն ինձ համար մինչեւ այժմ բաց է, բայց ինչն էլ կամ ով էլ որ լինի, իրեն շատ շնորհակալ եմ, որովհետեւ ես առանց դրա չեմ պատկերացնում նույնիսկ ոչ թե իմ կյանքը, ինձ, այլ իմ օրը, որովհետեւ երգ գրելն ինձ մոտ ամենօրյա զբաղմունք է: Ու շատ ուրախ եմ, որ ստացվում է այդ զբաղմունքը վերածել ավելի պրոֆեսիոնալ, ականջին հաճելի, ապրանքային տեսք ունեցող երգերի: Այս մի սկավառակը հատկապես ավելի մեծ ջանք պահանջեց այն առումով, որ ձայնագրությունն արեցինք Բրյուսելում, նոր երաժիշտների հետ աշխատեցինք: Շատ հետաքրքիր ստեղծագործական պրոցես էր»: