Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ  է ակնկալում Թուրքիան՝ ռուսական ինքնաթիռը կործանելու դիմաց (տեսանյութ)

Քաղաքականություն
enoqyan

Թուրքիայի կողմից ռուսական  ՍՈՒ-24 օդանավի կործանման հարցում չի բացառվում համաձայնությունը ՆԱՏՕ-ի հետ։ «Նախորդ զգուշացումը, որ արվեց ռուսական օդուժին, դա արդեն իսկ ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված էր և ՆԱՏՕ-ն հենց ինքն արեց այդ զգուշացումը ՝ ասելով, որ չի կարելի խախտել ՆԱՏՕ-ի օդային սահմանը, այնպես, որ շատ բնական է , որ այս գործողությունը ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված էր»,-«Ա1+»-ի հետ զրույցում շեշտեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Ռուսաստանի կողմից ընդդեմ Թուրքիայի ռազմական լայնածավալ գործողությունները  բանախոսները առայժմ համարում են քիչ հավանական:  Պատասխանն առավելապես  կլինի դիվանագիտական և տնտեսական դաշտում: Ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությունն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա: Այս համատեքստում պարոն Ենոքյանը նկատում է. «Երբ որ մեկ ու կես  ամիս առաջ ի պատասխան ռուսական օդանավերի Թուրքիայի օդային սահմանը խախտելուն , թուրքական ուղղաթիռներն էլ խախտեցին Հայաստանի սահմանը, արդեն իսկ մենք դրանից պետք է հասկանանք, որ Հայաստանի սահմանը Թուրքիան ընկալում է, որպես Ռուսաստանի ռազմաքաղաքական սահման: Բնական է, որ, եթե սկսեն ռազմական գործողություններ , Ռուսաստանը պետք է սկսի Գյումրիի ռազմաբազայից կամ Էրեբունիի օդանավակայանից, ինչը նշանակում է, որ դրանք դառնում են առաջնային թիրախ թուրքական բանակի համար»: Նման վտանգավոր և ռիսկային  քայլի  դիմաց Թուրքիան, բնականաբար, ունի ակնկալիքներ: «Դրա դիմաց նա կստանա իր հարավային սահմանի ուժեղացման լուրջ գործողություններ, այսինքն ՆԱՏՕ-ական հակաօդային պաշտպանության զորքեր այնտեղ կտեղակայվեն: Բացի դանից, դրա դիմաց նա կստանա նաև ուղղորդում սիրիական ընդդիմությանը ռմբակոծելուց դեպի ԻՊ –ի ռմբակոծումը և հնարավոր է, որ ինչ-որ տեղ դե ֆակտո կարողանա հաստատել ոչ թռիչքային գոտի սիրիական ընդդիմության վրա»,-նշեց Աղասի Ենոքյանը: Դեպքերի հաջորդականությունը կանխատեսել քաղաքագետներն առայժմ չեն շտապում, միևնույն ժամանակ, սակայն, նկատում են, որ Ռուսաստանը հայտնվել է ծանր իրադրությունում: