Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաքել Մովսիսյանին արդարացրեց նաեւ Վերաքննիչ դատարանը (տեսանյութ)

Հասարակություն
araqel1

Վերաքննիչ քրեական դատարանն  այսօր  որոշեց՝ ԱԺ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի արարքում հանցակազմ չկա եւ նրա նկատմամբ գործ հարուցելու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բողոքը պետք է մերժել: Հիշեցնենք, որ ՀՀԿ պատգամավորը սպառնացել էր բռնաբարել եւ գլխատել բոլոր նրանց, ովքեր բացասաբար էին արտահայտվել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին: Քննիչը գործ չէր հարուցել, առաջին ատյանի դատարանն էլ հաստատել էր Հատուկ  քննչական ծառայության խոշտանգումների եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին այս տարվա հունիսի 23-ի որոշումը: «Նախաքննության մարմինը բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործեր հանցագործությունը բացահայտելու կամ հերքելու ուղղությամբ, պետք է հարցաքններ կոնկրետ հայտարարություն տված անձին, որի հայտարարության մեջ կար սպառնալիք»,- «Ա1+»-ին ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը: Նա զուգահեռներ է տանում ԱԺ 2 պատգամավորների՝ Զարուհի Փոստանջյանի եւ Առաքել Մովսիսյանի միջեւ:  Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում կոչ էր արել  քանդել ԱԱԾ շենքը եւ հիմնել ազատ պետություն, ինչին հետեւել էր ԱԱԾ հայտարարությունը: «Ակնհայտ է տարբերակված մոտեցումը   պետական համապատասխան մարմինների: Այն դեպքում, երբ Զարուհի Փոստանջյանը իր խոսքի մեջ իմ դիտարկմամբ հակաօրինական հայտարարություններ չկան, ԱԱԾ-ն չգիտես ինչու հայտարարություն տարածեց պատասխանատվության ենթարկելու հետ կապված, իսկ Առաքել Մովսիսյանի դեպքում առհասարակ ոչ մի քննություն չկատարվեց, անգամ չհարցաքննվեց տվյալ անձը»,- ասաց նա: Որոշումը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում: