Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մթերման հարցում փոխնախարարը մեղադրում է գյուղացուն (տեսանյութ)

Տնտեսություն
Gjuxnax.-nkar

Այս տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 63.700 տոննա պտուղ-բանջարեղեն է մթերվել, որից՝ 20.500-ը միայն պտուղ։ Գյուղացիների դժգոհությունն այս տարի հատկապես խաղողի մթերմանն էր առնչվում։ Ի վերջո մթերվել է 216.800 տոննա։ «Խաղողի բերքն ամբողջությամբ մթերվեց»,-այսօր հայտարարեց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Գյուղատնտեսության փոխնախարարը չի ժխտում. այս պահին մթերման դիմաց վճարման առումով խնդիր կա. «Այն գործարանները, որոնք պլանավորածից ավելի են խաղող մթերել, պայմանագրեր են կնքել՝ որոշակի ժամանակահատվածում վճարումներն իրականացնելու համար։ Պտղի դեպքում 93,5 տոկոսով վճարումներն արված են, խաղողի պարագայում՝ 62,5 տոկոսը»։ Թե ինչո՞ւ խնդիր առաջացավ խաղողի մթերման հետ կապված, փոխնախարարը համարում է գյուղացիների մեղքը. «Եղան բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ, ովքեր խաղողը քաղում էին և առանց պայմանավորվելու տանում էին որևէ գործարան, որպեսզի մթերեն։ Այդ դեպքում մենք խնդրում էինք վերամշակող կազմակերպություններին, անգամ որակական հատկանիշները հաշվի չառնեն և մթերեն։ Բազմաթիվ դեպքեր են եղել, որ այդ խաղողը որպես գինեհումք  ընդհանրապես պիտանի չի եղել»։ Վարունգի դեպքում ևս իրացման խնդիր առաջացավ, փոխնախարարը փորձեց բացատրել. «Մարինադի համար որոշակի չափանիշներ կան՝ մինչև 9, 10 սմ երկարություն պետք է ունենա վարունգը, բայց եթե տեսել եք՝ 20, 25 սմ էին, այսինքն, մարինադի համար չէին օգտագործվելու։ Եվ գյուղացիներին բացառություն արեցինք, որ գան ավտոմեքենաներով տոնավաճառում  մի փոքր ավելի էժան գնով վաճառեն իրենց վարունգը։ Այդ երեք շաբաթվա ընթացքում ընդամենը մի գյուղացի է եղել, որ եկել ու վաճառել է։ Խնդիրն այն էր, որ թողել էին վարունգները մեծացել էր, հետո ասում էին՝ մեր վերամշակողները պետք է մթերեն»։ Այս տարվա բերքի առատության պայմաններում ոչ միայն նախորդ տարվանից ավելի մեծ քանակի պտուղ-բանջարեղեն մթերվել է, այլև արտահանվել։ Փոխնախարարը հայտնեց, որ մեծ մասն արտահանվել է Ռուսաստան։ Գյուղատնտեսության փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 19-ից գյուղատնտեսական տոնավաճառներն ամենօրյա են դառնալու՝ տոներին ընդառաջ բնակչության առևտուրը պատշաճ կազմակերպելու նպատակով։ Իսկ նոյեմբերի 28-29-ին էլ սպասվում է Գինու փառատոն Հյուսիսային պողոտայում։