Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ավելի անկանխատեսելի, ավելի ագրեսիվ հարեւան կտեսնենք». թուրքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
turk

Թուրքիայի կողմից ռուսական օդանավի խոցումը Էրդողանի անձնական շահն ու նախաձեռնությունն էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին թուրքագետներ Անդրանիկ Իսպիրյանը եւ Լեւոն Հովսեփյանը: Վերջինս իր խոսքում նշեց. «Աննախադեպ միջադեպ էր, չափազանց լուրջ եւ վտանգավոր քայլ էր Թուրքիայի կողմից, որով նա փորձում է ավելի վճռական եւ համարձակ երեւալ: Չի բացառվում, որ որոշումը կայացվել է էրդողանի հավակնությունների շրջանակներում, ոչ թե զուտ պետական մակարդակով: Թուրքիայում նոյեմբերի մեկին կայացած ընտրություններից հետո ավելի անկանխատեսելի, ավելի ագրեսիվ հարեւան կտեսնենք »,-նշեց նա՝ հավելելով, որ այս միջադեպով Թուրքիան նաեւ փորձում է դիվիդենտներ ապահովել Միացյալ նահանգների հետ իր հարաբերություններում: Թուրքագետի կարծիքով՝ զինյալները, որոնք կրակ էին արձակում իջնող օդաչուների ուղղությամբ, բացառապես Թուրքիայի հատուկ ծառայությունների ակտիվ ջանքերով սնուցված շրջանակներն են, որոնք աճեցվեցին, զարգացան սիրիական ճգնաժամի պայմաններում: Լեւոն Հովսեփյանը նշեց, թե Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները այդքան էլ հարթ չեն եղել, սակայն կողմերը աչք փակելու քաղաքականություն են վարել՝ հաշվի առնելով տնտեսական ոլորտում ունեցած հարաբերությունները: Ասուլիսին ներկա մյուս թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նույնպես համոզմունք հայտնեց, որ ռուսական օդանավի խոցումը Էրդողանի նախաձեռնությունն էր: «Ռուսական ռմբակոծիչը խոցելու որոշումը կայացվել էր օրեր առաջ, եւ Թուրքիան սպասում էր հարմար պահի, պարզապես սխալ հաշվարկների գնաց: Թուրքիան չէր սպասում, թե ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն անտարբեր կմնան: Դրանց արձագանքը ցույց տվեց, որ այս հարցում չեն աջակցել Թուրքիային »,-ասաց նա՝ նշելով, թե միջադեպից հետո Ռուսաստանն ազատ է լինելու Սիրիայի այդ հատվածներում գործողություններ իրականացնել: Հարցին, թե կատարվածն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա, Լեւոն Հովսեփյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ տարածաշրջանում ցանկացած ռազմաքաղաքական գործընթաց այս կամ այն կերպ անդրադառնում է հարակից տարածաշրջանի անվտանգության վրա: Տվյալ պարագայում, եթե ոչ ուղղակիորեն, ապա անուղղակիորեն դա կանդրադառնա մեր տարածաշրջանի վրա, սակայն դեռեւս վաղ է գնահատականներ տալը: Ամեն ինչ կախված է նրանից, թե առաջիկայում Ռուսաստանն ինչպես կպատասխանի Թուրքիային»: Անդրանիկ Իսպիրյանն էլ հավելեց. «Հայկական գործոնն արդեն իսկ շահարկվում է: Երեկ ռուսական մամուլում նման վերնագրով նյութ էր տարածվել՝ «Ինչ էիք սպասում Ցեղասպանությունը հերքող երկրից»։ Թուրքիան արդեն անհանգստություն է հայտնել առ այն, որ Ռուսաստանը կօգտագործի հայկական գործոնը: Իսկ Ադրբեջանը քար լռություն է պահպանում, ինչը խիստ տխրեցրել է Թուրքիային»: