Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքացին իր մաշկի վրա է զգալու փոփոխությունները». նախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
Korupcia-2

Եվրամիության և Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ այսօր Երևանում անցկացվում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում դոնոր կազմակերպությունների հետ քննարկում։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ելույթում նշեց. «Դատական համակարգում կաշառքի յուրաքանչյուր դեպք պետք է հայտնվի դատարանում ու պատժվի։ Հատուկ պարտավորություն պետք է լինի դատավորների և դատախազների պայքարը կոռուպցիայի դեմ։ Անհրաժեշտ է նաև հատուկ ստուգիչ հանձնաժողովի առկայություն»։ Դեսպանը նշեց նաև այլ երկրներում առկա փորձի մասին. «Շատ երկրներում դատավորները կաշառակերության հետևանքով նույնիսկ զրկվում են թոշակ ստանալու հնարավորությունից։ Կարծում եմ՝ այս փորձը կարելի է կիրառել նաև Հայաստանում։ Իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարում վճռականություն և քաղաքական կամք է պետք»,-շեշտեց պարոն Սվիտալսկին։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց. «Քաղաքական կամք կառավարությունն ունի։ Այն իր դրսևորումներով տարբեր ձևերով է արտահայտվելու։ Դուք դրա ականատեսը լինելու եք։ Ցանկանում եմ զերծ մնալ որակումներից, շահարկումներից և տարատեսակ անուններ հնչեցնելուց։ Քայլերը լինելու են շատ արագ, հաջորդական»։ Հարցին, թե առաջին պաշտոնյան ե՞րբ դատարանի առջև կկանգնի, նախարարը նշեց. «Մեր քայլերը...դա պետք է լինի ոչ թե հասարակական լայն զանգվածների համար հասանելի, ականջին հաճելի մի բան բարձրաձայնելը, և ասելը՝ այ տեսեք, ինչ արեցինք, այլ քայլերը պետք է լինեն բովանդակային։ Եթե այդ ճանապարհին անհրաժեշտություն կլինի նաև այդ միջոցառումների, կտեսնեք, որ դա անհրաժեշտ էր, բայց չիրականացվեց, այդ ժամանակ բարձրաձայնեք։ Հասարակ քաղաքացին իր մաշկի վրա է զգալու փոփոխությունները»։ Պաշտոնյաների ապօրինի հարստացման վերաբերյալ հարցի առնչությամբ էլ տիկին Հովհաննիսյանը նշեց. «Քրեական օրենսգրքում ապօրինի հարստացման վերաբերյալ հոդվածը ներառել ենք, բայց գտնվում է լրամշակման փուլում»։ Խոսքի վերջում նախարարը լրատվամիջոցներին հորդորեց ցանկացած առաջարկ ներկայացնել Արդարադատության նախարարություն. «Մենք պատրաստակամ ենք ցանկացած քաղաքացու բարձրացրած հարց քննարկելու և ձեզ տալու բովանդակային պատասխան։ Օդում կախված հարցեր չեն մնալու»։