Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օձի խայթոցից մահացած կնոջ գործով բողոք է ներկայացվել դատախազություն. ՀՔԱ

Հասարակություն
ozer2

2015 թվականի օգոստոսի 31-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Գագիկ Թադևոսյանը, ով հայտնել է, որ նույն թվականի օգոստոսի 17-ին իրենց տան բակում օձը խայթել է իր մորը՝ Կարինե Հարությունյանին: Կատարվածից անմիջապես հետո տուժողը տեղափոխվել է «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր շարունակ պատշաճ բուժօգնություն չստանալով, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է օրգանիզմի սուր ինքնաթունավորման, բազմաօրգանային անբավարարության հետևանքով: Քաղաքացու դիմումի հիման վրա Կազմակերպության կողմից 2015 թվականի սեպտեմբերի 3-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին՝ պահանջելով Կ. Հարությունյանի մահվան հանգամանքները, պատճառները բացահայտելու, «Արարատի հիվանդանոց» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների բուժանձնակազմերի արարքում հանցակազմի հատկանիշներ հայտնաբերելու, նրանց գործողությունների (անգործության) ու Կ. Հարությունյանի մահվան միջև պատճառական կապի առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով հարուցել քրեական գործ և միջոցներ ձեռնարկել Կ. Հարությունյանի խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ: Պատասխան գրությամբ հայտնել են, որ վերոնշյալ դեպքի առթիվ դեռևս 2015թ. օգոստոսի 30-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: 2015թ. հոկտեմբերի 14-ին վերջինս ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ս. Մաթևոսյանին ուղղված գրությամբ պահանջել և նույն թվականի նոյեմբերի 2-ին ստացել է 2015 թվականի օգոստոսի 30-ին կայացված՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը, որից պարզ է դառնում, որ որոշումը կայացվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ