Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիճաբանություն ԱԺ-ում. «Մենք գյուղամեջում չենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
jy2twEXAaLI

«ՀՀ 2016-18թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» նախագծի քննարկման ավարտին ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանն անդրադարձավ բոլոր ելույթներին: Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը՝ նա նշեց, որ աղքատությունն ու հարստությունը հարաբերական հասկացողություններ են. «Գիտությունն էլ մշտապես ենթակա է փոփոխության, ոչ միայն էնշտեյնի տեսությունը: Այս տեսությունը խարսխված է նաեւ տարբերությունների տեսության վրա: Աղքատության զեկույցը, երբ հրապարակում ենք, այն կազմվում է տարբեր մեթոդաբանություններով: Երբ ասում ենք ոչ ըստ եկամուտի, այլ սպառման ագրեգատի ենք չափել, դա շատերը չեն կարողանում լավ ընկալել: Միգուցե լավ չենք բացատրում, թեեւ փորձում ենք տարբեր եղանակներով բացատրել»: Նա առավել ծավալուն անդրադարձավ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ելույթին. «Դուք մի քանի օր առաջ բյուջեի նախագծի քննարկմանը, նույն կերպ մատ տնկելով, ԱՎԾ պետին ասացիք, որ աշխատավարձի մեջ չպետք է մտցնել կուտակայինի գումարը: Իմ բացատրությունները չընդունեցիք ու դիմեցի Աշխատանքի միջազգային կազմակերպություն: Մենք ձեր առաջարկը չենք ընդունել, քանի որ կառավարության տրամադրած հինգ տոկոսը ընդամենը սուբսիդիա է ու այն չի կարող տեղավորվել աշխատավարձի մեջ: Հարգանք մատուցելով ձեզ՝ ուղարկել եմ կազմակերպության պատասխանը ձեզ»: Ստեփան Մնացականյանի հայտարարությունը խիստ վրդովեցրեց  Հրանտ Բագրատյանին ու նա սկսեց տեղից բղավել. «Ապացուցեք, որ ես նման բան ասել եմ»: «Դուք ինձ զանգել եք»,- արձագանքեց ԱՎԾ պետը: «Դուք սուտ եք խոսում»,- բղավեց Հրանտ Բագրատյանը: «Ես կարծում եմ, որ դուք զղջացել եք, պարոն Բագրատյան»,- նկատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Դուք հայտարարում եք, որ անասնակերը նորմալ սնունդ է: Ըստ ձեզ՝ դա նորմա՞լ հայտարարություն է»,- նշեց Ստեփան Մնացականյանը: Հրանտ Բագրատյանը շարունակում էր բարկացած բղավել: «Մենք գյուղամեջում չենք, մի քիչ համբերեք»,- հայտարարեց Գալուստ սահակյանը: «Դուք ասում եք, որ գյուղապետերը թիվ են նկարում, դուք մի անուն չնշեցիք: Բոլոր ռեսպոնդենտներին մենք չենք կարող հանցագործ համարել»,- շարունակեց Ստեփան Մնացականյանը: Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ Ստեփան Մնացականյանն իր անունը տվել է, ինքը պիտի արձագանքի: «Վտանգավոր է ձեր անունը տալ»,- փորձեց կատակել Գալուստ Սահակյանը: «Անունս տվել է: Ես ձեզ չեմ ասել, դուք չունեք նման թուղթ, որ ես նման բան եմ ասել: Եթե նման թուղթ կա, ես ներողություն կխնդրեմ ԱԺ-ից: Մենք այնպիսի հիմար կուտակայինի որոշում ենք կայացրել...»,- արագ-արագ շարադրեց Հրանտ Բագրատյանը: «Ռազբորկայի մի վերածեք: Պատասխանեցիք, շարունակում ենք»,- վեճը սահմանափակեց Գալուստ Սահակյանը, ապա՝ պարբերաբար դիմելով ամբիոնի մոտ դեռեւս կանգնած Ստեփան Մնացականյանին՝ գրեթե բղավելով կրկնեց. «Մի ժամ է՝ ասում եմ՝ զբաղեցրեք ձեր տեղը»: Ելույթից հետո Հրանտ Բագրատյանը մոտենում էր պատգամավորներին ու բացատրում իր միտքը: