Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը հաղթեց՝ պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

Սպորտ
unnamed-271

Գերմանիայի Հանովեր քաղաքի ''TUI Arena''-ում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն 35-ամյա Արթուր Աբրահամի եւ նրա մրցակից 33-ամյա բրիտանացի Մարտին Մարեյի տիտղոսային մենամարտը: 12 ռաունդ տևած մարտում Արթուր Աբրահամը միավորների առավելությամբ (115:112, 112:115,116:111) հաղթեց մրցակցին` տոնելով իր պրոֆեսիոնալ կարիերայի 44-րդ հաղթանակը: Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Մանկության տարիներին ՀՀ-ում լրջորեն զբաղվել է հեծանվասպորտով, եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն: IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճել է 2005 թվականին` նոկաուտով առավելության հասնելով նիգերիացի Իկեկե Քինգսլիի նկատմամբ: Այդ տիտղոսը Աբրահամը պաշտպանել է մինչև 2009 թվականը: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 48 մենամարտ, որոնցից 44-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 6 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012, 2014) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ` ըստ գերմանական հեղինակավոր "Box Sport" ամսագրի վարկանիշի: Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի "Անդրանիկ Օզանյան" շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2007 թ. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում օլիմպիական շարժման զարգացմանը մատուցած ծառայությունների համար Արթուր Աբրահամին պարգևատրել է ՀԱՕԿ-ի շքանշանով: 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար): 2013 թվականի հունվարի 9-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արթուր Աբրահամին պարգեւատրել Սփյուռքի նախարարության "Պողոս Նուբար" մեդալով: 2014 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Արթուր Աբրահամին հանձնել է շնորհակալագիր` միջազգային հարթակներում Հայաստանի և հայկական սպորտի պատիվը բարձր պահելու, փայլուն հաղթանակների ու Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը մեծապես աջակցելու համար: 2015 թ. հոկտեմբերին Երևանի ավագանին Արթուր Աբրահամին արժանացրել է "Երևանի պատվավոր քաղաքացի" կոչման: Արթուր Աբրահամի մամլո ծառայություն