Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռոբերտ Քոչարյանը կարող էր զանգել Սերժ Սարգսյանին, մտահոգությունը հայտնել» (տեսանյութ)

Քաղաքականություն
ararat-zurabyan

ՀՀՇ կուսակցությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին: Այսօր Արարատ Զուրաբյանը հայտարարեց, թե չեն պատրաստվում իրենց սկզբունքներին դեմ գնալ միայն նրա համար, որ իշխանություններն են նախաձեռնել այդ բարեփոխումները: Հնչող մտահոգություններին, թե իշխանությունները սահմանադրական փոփոխություններով ցանկանում են վերարտադրվել, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Կա՞ մեկը, որ կասկածում է այստեղ, որ կուսակցությունը վերարտադրվելու է: Եթե այս նույն համակարգը պահպանվի, ի՞նչ է հանրապետականները տեղափոխվելու են այլ ոլո՞րտ: Նրանք մնալու են եւ պայքարելու են իրենց վերարտադրության համար, այլ հարց է՝ մնալո՞ւ է իշխանության Սերժ Սարգսյանը, թե ոչ: Վերարտադրության հարցը կարծում եմ վերաբերում է սրան: Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը չի մնալու իշխանության, հեռանալու է իշխանությունից, ինքը գոնե բազմիցս պնդել է սրա մասին: Չեմ կարծում, որ ամբողջ հասարակության առջեւ մարդ կանգնի հայտարարի, որ հեռանալու է եւ հետո հրաժարվի իր խոսքերից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արարատ Զուրաբյանը: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվելուն, ապա Արարատ Զուրաբյանը նշեց, թե նա իր վերարտադրման հնարավորությունը չի տեսնում: «Ես համոզված եմ, որ եթե Ռոբերտ Քոչարյանը տեսներ հաջողության հասնելու հնարավորություն,նա կողջուներ սա: Ինձ նաեւ մի բան է զարմացնում: Կյանքը մի բան է ապացուցել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը լուրջ ճանապարհ են անցել, բարեկամաբար փոխանցել են իրար իշխանություն, եւ չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը զրկված էր հնարավորությունից, որ զանգահարեր Սերժ Սարգսյանին եւ ասեր, թե ուզում եմ իմ մտահոգությունները հայտնեմ, մասնակցեմ քննարկումներին եւ այլն»,- եզրափակեց ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը: