Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջոշուա Բելի ֆանտաստիկ ելույթը (տեսանյութ)

Մշակույթ
joshua

«Սքանչելի երկիր ունեք, շատ հյուրասեր եք, ջերմ: Շատ հավանեցի ձեր մշակույթն ու խոհանոցը, ի դեպ արտակարգ գինի ունեք: Ասեմ նաև, որ հայազգի ուսուցիչներ եմ ունեցել`Իվան Ղալամյանը և Վարուժան Կոջոյանը: Հիանում եմ Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, ուրախ եմ այստեղ գտնվել և հուսով եմ, որ հետագայում էլի հնարավորություն կունենամ Հայաստան գալու »,- իր երևանյան համերգից առաջ տպավորություններով կիսվեց վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելը, մինչ լրագրողները կհասցնեին հարցեր ուղղել նրան: Իր առաջին ջութակը Ջոշուան ստացավ չորս տարեկանում, իսկ 14-ում արդեն սկսվեց նրա աստեղային վերելքը` ելույթը Ֆիլադելֆիայի նվագախմբի հետ` Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ, 17- ում`դեբյուտը Քարնեգի Հոլում, առաջին եվրոպական շրջագայությունն ու առաջին ձայնագրությունները «Սոնի քլասիք» ընկերության հետ, որի համար պետք է հետագայում դառնար բացառիկ ու անփոխարինելի երաժիշտ: «Միայն տաղանդը բավարար չէ հաջողության հասնելու համար: Վճռորոշ է նաև ծնողների մոտեցումը: Իմ ծնողները, որոնք ի դեպ հոգեբաններ են, համարել են, որ երաժշտությունը շատ կարևոր է երեխայի կյանքում»: Ջոշուա Բելը նվագում է 1713 թվականին ստեղծված Ստրադիվարիուսի ջութակով և 18-րդ դարի ֆրանսիացի վարպետ Ֆրանսուա Տուրտիի պատրաստած աղեղով: Ամենատարբեր պարգևների արժանացած ջութակահարը համարում է, որ մրցանակը պարտադիր չէ «Գրեմմի»-ի տեսքով լինի: Ամենամեծ պարգևը հանդիսատեսի ջերմությունը զգալն է, որը մեզ ուժ է տալիս ստեղծագործելու»,- ասում է նա: «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում երևանյան հանդիսատեսը վայելեց  ֆանտաստիկ մի ելույթ մեր օրերի ամենահայտնի ջութակահարներից մեկի` Ջոշուա Բելի և աշխարհի հեղինակավոր The Academy of  ST Martin in the Fields կամերային նվագախմբի մասնակցությամբ, որը Բելը ղեկավարում է 2011թվականից, ի դեպ պահպանելով առանց դիրիժորի ղեկավարության հանդես եկող այս նվագախմբի ուրույն սկզբունքը։ Բախ, Չայկովսկի, Բարբեր, Պիացոլլա. Երևանյան ունկնդրին ներկայացված այս ծրագիրը ամբողջական պատկերացում տվեց թե ջութակահարի և թե նվագախմբի բարձրագույն կատարողական արվեստի մասին: