«Եթե պրոբլեմ ունեք ու գնալով թուլանում եք, պրոբլեմը տեսեք ձեր մեջ» (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստում համայնքների խոշորացման նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանությունները տարօրինակ պատկերացումներ ունեն ժողովրդավարության մասին: Նա նշեց, որ անձամբ ինքը մայիսի 17-ին մասնակցել է Դիլիջանի շրջանում տեղի ունեցած հանրաքվեին, որի արդյունքները, ըստ նրա, շշմեցուցիչ են. «Համայնքների գերակշռող մեծամասնությունը մերժեց հանրաքվեն: Նույնիսկ այն համայնքներում, որտեղ փախստականները շատ են ու գրեթե միշտ պրոիշխանական են եղել, այնտեղ էլ մերժել են խոշորացումը»: Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ այս ձեւով խոշորացումը կհանգեցնի մեխանիկական միավորման, որ արդյունքում համայնքները կզրկվեն ինքնուրույնությունից, սեփական ռեսուրսների տնօրինումից, վերջնականապես կվերանա բնակիչների մասնակցությունը համայնքների կառավարման հարցում. «Բոլորովին անտեսվում են համայնքների պատմամշակութային ժառանգության, ազգագրական ինքնատիպությունը, որը լուրջ վտանգներ է պարունակում. այն կհանգեցնի բնակչության՝ դեպի նոր կենտրոններ միգրացիային: Դա նաեւ սպառնալիք է ազգային անվտանգությանը»: Պարոն Զուրաբյանը, դիմելով ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին, հարցրեց. «Ո՞ւր են այդ հանրաքվեների արդյունքները, որոնք կցված չեն ԱԺ ներկայացված նախագծին: Ինչո՞ւ եք գնացել Սահմանադրության խախտման, թե՞ չեք ուզում, որ ԱԺ-ն տեսնի՝ համայնքները դեմ են արտահայտվել: Չի կարելի կեղծել իրականությունն ու անտեսել ժողովրդի կամքը: Ես պահանջում եմ ԱԺ-ին, որ դիմի կառավարությանը՝ քննարկումից հանել այս նախագիծը՝ մինչեւ ներկայացվեն իրական արդյունքները»: Ըստ նրա՝ իշխանությունների համար սահմանադրությունն ընդամենը թղթի կտոր է ու այն կարելի է փոխել հագուստի նման. «Եթե ուզում եք, որ ՀՀ-ում ինչ-որ բան փոխվի, ոչ թե պետք է Սահմանադրությունը փոխել, այլ հարգել ու կատարել այն: Մինչդեռ իշխանություններն այն համարում են ավելորդ արգելապատնեշ՝ իրենց կամայականությունների համար: Ահա այսպիսի իշխանություններին պետք է ասել ոչ»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախ շնորհակալություն հայտնեց, որ ելույթի հիսուն վայրկյանը Լեւոն Զուրաբյանը նվիրեց իրենց, ապա հայտարարեց, որ հիմա կներկայացի ողջ իրականությունը: Նրա խոսքի ընթացքում Լեւոն Զուրաբյանը պարբերաբար արձագանքում էր: «Խելոք լսեք ինձ: Պարոնը այստեղ խոսում էր մի բանի մասին, որը գոյություն չունի: Չի կարելի ասել բաներ կիսատ-պռատ ու չի կարելի արհամարհել Սահմանադրությունը: Կարդացեք Սահմանադրության այն կետը, որտեղ նշված է՝ համայնքները կարող են միավորել-բաժանվել անկախ հանրաքվեի արդյունքներից: Վաղը, եթե հանրաքվե անենք, որ բոլորը ազատվեն հարկերից, ի՞նչ արդյունք կլինի: Պարոն Տերտերյանն իր եզրափակիչ ելույթում հանրամատչելի կներկայացնի հանրաքվեի արդյունքները: Եթե երեկ լինեիք նիստին, պարոն Զուրաբյան, նման հարցեր չէիք տա: Չի կարելի ձեր չկայացած թիմի արդյունքները ներկայացնել որպես վերջին ճշմարտություն. ոչ իշխանությունն է մեղավոր, ոչ կառավարությունը, ոչ էլ ժողովուրդը, որ դուք գնալով թուլանում եք: Եթե պրոբլեմ ունեք ու գնալով թուլանում եք, պրոբլեմը տեսեք ձեր մեջ»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը: