Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամփոփվել են ամառային զորակոչի արդյունքները

Պաշտոնական
unnamed-15

Նոյեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել են 2015թ. ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Նիստին մասնակցել են զորակոչի անցկացմանն օժանդակող գերատեսչական կառույցների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարները, բուժհանձնաժողովների անդամները: Կարևորելով խառը սկզբունքով զինված ուժերի համալրման գործընթացի շարունակականությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ շահագրգիռ կառույցների հետ համատեղ ջանքերի շնորհիվ տարեցտարի առավել բարձր հիմքերի վրա է դրվում զորակոչի անցկացումը և կարևորել է զորակոչի արդարության և թափանցիկության, բանակ-հասարակություն լիարժեք փոխվստահության մթնոլորտի ապահովումը: Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը: Խոսելով նախորդ զորակոչի արդյունքների և ձմեռային զորակոչի խնդիրների մասին, զինվորական կոմիսարը ներկայացրել է դրական միտումներն ու արձանագրված բացթողումները, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կատարած աշխատանքները, նախազորակոչային տարիքի երիտասարդների կցագրման և հաշվառման հետ կապված մի շարք հարցեր և որոշակի առաջարկություններ: Նիստի ընթացքում անդրադարձեր են կատարվել նաև զորակոչիկների բուժզննման և կանխարգելիչ պատվաստման խնդիրներին, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կատարած աշխատանքներին, նախորդ զորակոչի ընթացքում հայտնաբերված իրավախախտումներին: Ամփոփելով Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստի արդյունքները և առաջադրելով որոշակի խնդիրներ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստել է, որ կատարված հետևողական աշխատանքի արդյունքում կոռուպցիոն դեպքերը շարունակաբար նվազում են, սակայն դեռևս կան որոշակի թերացումներ, որոնց վերացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները զորակոչ առ զորակոչ ավելի են խստացվում: Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով խրախուսվել են ամառային զորակոչի արդյունավետ կազմակերպման և անցկացման գործընթացում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի շարք զինծառայողներ և զորակոչին ներգրավված կառույցների ներկայացուցիչներ: