Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՌԱՀ-ն Արմեն Աշոտյանին ընդունում է որպես ՀՀ քաղաքացի

Քաղաքականություն
ashotyan

Նոյեմբերի 6-ից Հանրային հեռուստատեսությամբ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը քաղաքական հաղորդում է վարում։ Փաստը տարակարծությունների տեղիք է տվել։ «Շատ հնարավոր է, որ պարոն Աշոտյանն իրոք չեզոքությունը պահպանի և չդրսևորի քաղաքական շահեր։ Բայց ֆորմալ առումով փաստը, որ կուսակցության նախագահի տեղակալը, նախարարն այս քարոզարշավի ընթացքում երևում է եթերում, այն էլ պարբերաբար, այն էլ Հանրային հեռուստատեսությամբ, դա երևի լուրջ կասկածներ է առաջացնում ՝ որքանո՞վ է այդ նախաձեռնությունն արդարացված»,-կարծում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Որքանով անկողմնակալ կլինի քաղաքական գործիչը եթերում, ժամանակը ցույց կտա, սակայն մի հարցում պարոն Նավասարդյանը վստահ է. «Այդպիսի ոչ ստանդարտ մոտեցումը Հանրային հեռուստատեսության լավագույն գտած տարբերակը չէ»։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում հակառակ կարծիքի են։ «Օրենքի խախտում մենք այդտեղ չենք տեսնում, որովհետև այդ անձին դիտում ենք որպես ՀՀ քաղաքացի, որն ունի աշխատանքային պայմանագիր տվյալ ընկերության հետ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանը։ Դիտե՞լ է նա արդյոք հաղորդումն ու ընդհանուր առմամբ ի՞նչ կարծիք ունի դրա վերաբերյալ, պարոն Մկրտչյանը նշեց. «Հաղորդումը, չթաքցնեմ, դիտել եմ, բայց ոչ ուղիղ եթերում, ձայնագրությունն եմ տեսել։ Մենք տեսանք, որ երկու կողմին էլ տրվեց հնարավորություն՝ իրենց կարծիքն արտահայտելու։ Հաջող էր, թե ոչ, ինձ թվում է՝ հասարակությունը կգնահատի։ Սուբյեկտները, որոնք կարող էին բողոք ներկայացնել, հաղորդմանը հրավիրված անձինք էին, որ կարող էին ասել, թե կողմնակալ են իրենց հանդեպ եղել կամ հաղորդավարը թույլ չի տվել արտահայտելու իրենց տեսակետը։ Բայց մենք բողոք չենք ստացել»։