ՀՀԿ-ականը անդրադառնում է Լևոն Զուրաբյանի կարծիքին (տեսանյութ)
Պարզվում է՝ իշխող Հանրապետական կուսակցությունը երեք տարի քննարկել է կառավարման խորհրդարանական համակարգի առավելություններն ու թերությունները: Այսօր այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը. «Նոր սահմանադրությամբ խորհրդարանական կառավարումը դատաիրավական անաչառ համակարգ և կայուն իշխանություն կապահովի: Խորհրդարանական մեծամասնության իրավունքների փոքրացում կլինի»։ ՀՀԿ-ականին զայրացրել է ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի առաջարկը, թե Ռուսաստանին պետք է խնդրել՝ մեր երկրում սահմանադրական փոփոխություններ չիրականացնել: «Ի՞նչ կապ ունեն մեր սահմանադրական բարեփոխումներն այլ երկրի հետ: Այս հարցը տրամաբանությունից դուրս է»: «Ա1+»-ի դիտարկմանը, թե ներկայումս մարզպետները խոստանում են իրենց մարզերում սահմանադրության հանրաքվեին այո ապահովել, նման խնդիր դրվա՞ծ է նրանց առջև, պարոն Մելիքյանը նշեց. «Որևէ մեկի առջև պաշտոնապես նման խնդիր չի դրվել»: Իսկ քարոզարշավին ո՞րն է ՀՀԿ-ի հիմնական խնդիրը, քանի որ տարբեր հարցումներ փաստում են, որ մարդկանց մի ստվար հատված չի հետաքրքրվում սահմանադրական փոփոխություններով, պատգամավորը նշեց. «Խնդիրներից մեկն է լինելու այդ ստվար հատվածին համոզելը, որ ավելի ճիշտ է այո քվեարկել, քան չմասնակցել հանրաքվեին»: Պարոն Մելիքյանը վստահ է, որ կեղծիքներ չեն լինի հանրաքվեի ժամանակ. «Չեմ կարծում, որ նույնականացման քարտերը հնարավորություն կտան մի քանի անգամ քվեարկելու: Հանրապետությունում 109 կրկնվող քաղաքացի կա՝ նույն անուն-ազգանունով ու ծննդյան թվով: Մնացած դեպքերում ցուցակներում չի կարող նույն անունով մի քանի հոգի լինել»: Անդրադառնալով 2016 թվի բյուջեին, ՀՀԿ-ական պատգամավորը հայտնեց, որ բոլոր պետական համակարգերում ծախսերը նվազել են. «Աշխատավարձերի և թոշակների բարձրացում հաջորդ տարվա համար չի նախատեսվում»: Պարոն Մելիքյանը նշեց, սակայն, որ չաշխատող մայրերը նույնպես կօգտվեն պետության ֆինանսական աջակցությունից: