Սողոմոն Քոչարյանին նույնիսկ սրսկումները չեն օգնում
Ցմահ ազատազրկումից 8 օր առաջ ազատ արձակված Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակը չի բարելավվում: «Ամբողջ գիշեր տանջվեց, ուժեղ ցավեր ունի, հիմա նույնիսկ սրսկումները չեն օգնում»,- «Ա1+»-ին ասաց Սողոմոն Քոչարյանի մայրը՝ Զինա Քոչարյանը: Մորը սակայն ուրախացնում է այն հանգամանքը, որ որդին սկսել է քիչ-քիչ ուտել, երկու օր ոչինչ չէր կերել: Երբ Սողոմոնը ցավեր չի ունենում, խոսում է հարազատների հետ, կրկին ցանկանում է գնալ տուն, սակայն չգիտեն՝ ինչպես տանել: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 20 տարի անազատության մեջ գտնվող Սողոմոն Քոչարյանն ազատվել էր պատժի կրումից: Նրա մոտ հայտնաբերվել էին այնպիսի հիվանդություններ, որոնք պատժի հետագա կրման հետ անհամատեղելի են: Առողջական վիճակի վատթարացման հետեւանքով դեռ օգոստոսի 26-ից իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց: