Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ օմբուդսմենի՝ Ս. Ֆարմանյանը ելույթ ունեցավ իր դեմ շեֆի պատվերով

Քաղաքականություն
caca09b6d9023a40fba3c10d6f089c6c

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթը իր ներկայացրած զեկույցի վերաբերյալ համարում է անձնական պատվեր իր դեմ: «Կարծում եմ՝ անձնական հարթակում էր, ոչ թե կուսակցական: Նեղ անձնական շեֆերի պատվերով էր, կամ մի շեֆի: Կարծում եմ՝ մի շեֆ ունի եւ այդ շեֆի պատվերով էր»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա: Նա նշեց, որ իրեն թույլ չի տա կոնկրետ անուն ասել, քանի որ ապացույցներ չունի. «Ես կարող եմ ասել, որ շատերը ինձ գիտեն եւ թերևս ում հետ եւ որտեղ է հաճախ գտնվում պարոն Ֆարմանյանը, հենց այդտեղից էլ նա ստացել է իր պատվերը, այդ կեղտոտ հանձնարարությունը, եւ գուցե մի օր ինքն էլ կփոշմանի, որ այսպիսի տգեղ եւ անբարոյական ելույթ ունեցավ: Երբ որ վարկաբեկված եւ ստախոս մարդը շարունակում է ստել, բնականաբար նրա հարձակման թիրախը դառնում է դրական: Ես այդպես եմ ընկալում: Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ նման քննադատական ելույթները նրան պաշտոնանկ անելու նպատակով են, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ կան ընդամենը մեկ կամ երկու մարդու երազանքներ՝ ինձ տեսնել ավելի վատ պայմաններում, կամ վնասել իմ աշխատանքին, և նույնիսկ այսպիսի գռեհիկ ելույթը, որ մենք լսեցինք, խոսքը վերաբերում է բնականաբար Սամվել Ֆարմանյանին, այդ գռեհիկ ելույթով նա միայն ցույց տվեց իր մտքի անկատարությունը, հոգևոր արժեքների սնանկությունը»: Կարեն Անդրեասյանը զարմացած է, թե ինչպես կարող է մարդն իրեն թույլ տալ նման ցինիկ արտահայտություն անել կալանավայրում գտնվող անձանց մասին զեկույցում տեղ գտած իր անդրադաձին. «Մարդն իրեն թույլ տվեց ասել, թե չարժեր դրա մասին արձագանքել, որ միջատները կծում են կալանավայրում գտնվող մարդկանց: Ես միայն կարող եմ մի բարեմաղթանք անել կամ ցանկություն հայտնել, որ Աստված մի արարցե, եթե պարոն Ֆարմանյանը հայտնվի ճաղերի այն կողմում և եթե ես լինեմ Մարդու իրավունքների պաշտպան՝ իր համար էլ կմտահոգվեմ, որպեսզի միջատները իրեն էլ չկծոտեն, ինչպես կալանավորներին են կծոտում, որոնք տառապում են կալանավայրի դժվար պայմաններում»: Նա նաեւ ավելացրեց, որ նման «անբարոյական գնահատականներով» ելույթ ինքը չէր լսել նույնիսկ ոչ թե իր զեկույցի վերաբերյալ, այլեւ ընդհանրապես երբեւէ: