Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հիմա դուք ոստիկա՞ն եք, թե՞ գողական». Նիկոլ Փաշինյանի դիտարկումները (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-pashinyan

ԱԺ-ում այսօր ՄԻՊ 2014թ. զեկույցի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարեւորեց Կարեն Անդրեասյանի բոլոր զեկույցներում 2008թ. մարտի մեկի սպանությունների չբացահայտման փաստի արձանագրումը: Պատգամավորը սկզբունքային շեշտադրում արեց, որ մարտի մեկի սպանությունները վաղեմության ժամկետ չունեն, քանի դեռ կազմակերպիչները, մեղավորները օրենքով պատասխանատվության չեն ենթարկվել, ու հանրությունը չի ստացել իրեն մտահոգող հարցերի պատասխանները, մարտի մեկի զոհերի հարազատներին չի վճարվել արժանապատիվ փոխհատուցում. «Իրավապահ մարմինները իրենցից կախված ամեն ինչ անում են, որ այդ սպանությունները չբացահայտվեն: Սա քաղաքական հայտարարություն չէ: Իրականում ոչ թե չորս չերյոմուխա է օգտագործվել այդ օրը, այլ ավելի մեծ թվով հատուկ միջոցներ են կիրառվել: Հարց է ծագում՝ միգուցե այդ հատուկ միջոցները կիրառվել են բարձրաստիճան ոստիկանների կողմից՝ իրենց բարձրաստիճան հատուկ կապերով: Այս գործի նախաքննությունն առաջ չի գնում»: Նրա խոսքերով՝ սպանությունները տեղի են ունեցել հազարավոր ոստիկանների աչքի առաջ, իսկ այդ չերյոմուխայից հնարավոր է ոչ շատ հեռու տարածքից կրակել: Ոստիկանները կիլոմետրերով ինչ ցնդաբանություն ասես գրել են քաղբանտարկյալների մասին, ինչ հիմարություններ ասես, կարող էին հորինել, իսկ այն, ինչ նրանց աչքի առաջ է եղել, իրենք չեն տեսել: Ու սրանից հետո ոստիկանությունն ուզում է, որ քաղաքացին հանցագործության մասին հաղորդում տա ոստիկանությանը։ Ոստիկանն իր տեսածի կամ իր գործընկերների մի մասի կատարած հանցագործությունը չի ուզում բացահայտի: Փաստորեն, մենք ունենք աշխարհի ամենագողական ոստիկաններ՝ սրա-նրա վրա չեն գրում: Հիմա դուք ոստիկա՞ն եք, թե՞ գողական»: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եզրակացությունը մեկն է՝ իշխանությունը չի ունեցել, չունի ու չի էլ ունենալու քաղաքական կամք՝ մարտի մեկի սպանությունները բացահայտելու համար. միայն ՀՀ նոր իշխանությունը դա կարող է անել: Մեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրույթներում նշված է, որ մարտի մեկի սպանությունների բացահայտումը վաղեմության ժամկետների սահմանափակում չկա: Մենք հետամուտ ենք լինելու նաեւ հոկտեմբերի քսանյոթի բացահայտմանը: Այս համատեքստում ուզում եմ ընդգծել՝ քաղաքացիներ, ոչ ոք չի մոռացվել ու ոչինչ չի մոռացվել: Չի մոռացվել նույնիսկ այն, որ հոկտեմբերի քսանյոթին Սերժ Սարգսյանը ՀՀ ԱԱԾ նախարար էր ու նրա անձնական պաշտոնական պարտականությունների մեջ էր մտնում Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի ու մյուս սպանված պաշտոնյաների, ԱԺ պահպանության անվտանգությունը: Դա Սերժ Սարգսյանի անձնական պատասխանատվությունն էր. նա պատասխանատվություն է կրում առնվազն պետական պաշտոնյաների անվտանգությունը չապահովելու համար»: «Տեղեկացնեմ, որ այսօր մենք քննարկում ենք ՄԻՊ զեկույցը, այլ ոչ թե պատմական էքսկուրս կատարենք»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: