Զարուհի Փոստանջյանն անհնազանդության կոչ արեց (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր ՄԻՊ 2014թ. զեկույցի քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ օմբուդսմենն իր զեկույցում մի կարեւոր բացթողում է մատնանշել, որ ՀՀ դատախազությունը, որ վերահսկող մարմին է, հնարավորություն չի տալիս՝ մեր ոտնահարված իրավունքները վերականգնվեն. «ՀՀ-ում անպատժելիության մթնոլորտ է: Նույնն էլ եղել է Օսմանյան կայսրությունում, սակայն այդ ժամանակ մեր հայրենակիցները դուրս եկան գործադուլի»: Նա նկատեց, որ ԱԺ-ում բոլորը մեղադրում են օմբուդսմենին, որ նա պետք է մարտերի դուրս գա. «Սակայն մենք ինքներս պետք է դուրս գանք փողոց ու պաշտպանենք մեր իրավունքները: Մենք մեր բան ու գործը պետք է թողնենք ու ընդվզենք՝ այդպիսով ցույց տանք մեր անհնազանդությունը ապօրինի իշխանության դեմ: Մեզ ուրիշ ոչինչ չեն թողել անել, քան դասադուլ, գործադուլ: Սրանք են այն բոլոր տարրերը, որոնք մենք դեռ ունենք: Մենք ինքներս պետք է պաշտպան կանգնենք մեր իրավունքներին, դրանից հետո մյուսները եւս կօգնեն մեզ»: Տիկին Փոստանջյանը հայտարարեց, որ դեկտեմբերի մեկին «Նոր Հայաստանը» ընդվզման ալիք է կազմակերպում. «Մենք բոլորս պետք է դուրս գանք փողոց ու ցույց տանք Սերժ Սարգսյանին, որ համաձայն չենք նրա հետ ու պատրաստ ենք գործողությունների՝ պարալիզացնելով նրա իշխանության բոլոր գործողությունները, ապացուցելով, որ մենք արժանի ազգ ենք ու ՀՀ-ն դարձնելու ենք միացյալ՝ բոլորի համար հայրենիք: Մենք զանգված չենք, այլ քաղաքացիներ ենք, որ ունենք իրավունքներ ու պայքարում ենք դրանց համար: Եվ միայն այդ իրավունքների ուժով կառուցելու ենք մեր հայրենիքը»: «Հանդուրժող լինենք»,- կոչ արեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: