Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոհարարը դեմ է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվելուն. «Շուստրի կազմակերպություն է» (տեսանյութ)

Հասարակություն
xoharari-or

Այսօր՝ Խոհարարների միջազգային օրը, «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն անդրադառնում է մի շարք խնդիրների: «Ճիշտ է, ունենք լավ խոհարարներ, բայց երիտասարդների հարցում խնդիր կա: Ձեռնարկների հետ կապված էլ խնդիր ունենք: Ես «Խոհարար. մասնագիտություն» ձեռնարկի մեջ մեծ խնդիր եմ տեսնում: Մենք չափորոշիչները և ուսումնական պլանը հարմարեցրինք ժամանակակից պահանջներին, բայց ազգային խոհանոցին միտված, սակայն սովետական ձեռնարկը թարգմանվեց: Մենք գրում ենք այնտեղ ազգային խոհանոցի պատմությունը և զարգացման փուլերը: Իսկ գործնականում այնտեղից գալիս է կիևյան կոտլետ, գուլաշ, չգիտեմ ինչ մի հարյուր տարվա կերակուրներ, որոնք ընդհանրապես մրցունակ չեն: Ինչո՞ւ պետք է մեր ուսանողը սովորի կիևյան կոտլետ պատրաստել: Ինչո՞ւ չպետք է հագանին սովորի (մսով ուտեստ է, պարունակում է տավարի միս, գինի), մախոխի (պասի ժամանակ մատուցվող ձավարով, ալյուրով, սխտորով և թերով ապուր) , մշոշի (լոբով, ընկույզով, չրի տարբեր տեսակներով աղցան) մասին չիմանա, ականջապուրի մասին չիմանա: Դրանք բացառիկ երևույթներ են»: Պարոն Մամուլյանը նշեց, որ կազմակերպության շրջանակում հավաքագրում են ազգային կերակրատեսակները: Ասում է՝ մասնագետների կողմից Անի քաղաքում դաշտային աշխատանքներ են իրականացվել: Այնտեղ հայ մասնագետները հանդիպել են հունգարացու, ով վստահեցրել է, թե ծագումով հայ է: «Երբ մերոնք հարցրել են՝ որտեղի՞ց գիտես, այդ մարդը նշել է, որ տոների ժամանակ հայկական կերակուրներ են պատրաստում: Դեմքը հայի նման չէ, ազգանունը չկա, լեզուն չկա, կրոնը՝ կաթոլիկ է: Բայց սա նշանակում է, որ ինքնության պահպանման մասով խոհանոցը վերջին տեղում չի: Նոր տարուն դալաուզի են բաժանում: Ականջապուր են պատրաստում գերդաստանով՝ 30 հոգով: Այդ կերակուրը միս է՝ խմորի մեջ»: Ի հակադրություն սրա՝ խոհարարը հիշատակում է մեր երկրում տարածված մի մտահոգիչ հանգամանք. «Հայտնի մարդկանց շոու-բիզնեսից կամ այլ ոլորտից, երբ հարցնում են՝ ո՞ր ուտեստն եք սիրում, անմիջապես օտար խոհանոցից են մի բան նշում: Իսկ թուրքը, ադրբեջանցին կամ ռուսն այդպես չեն անում: Դա էլ խոհանոցի տարածման մի ձև է»: Սակայն պարոն Մամուլյանը դեմ է, որ որևէ հայկական կերակրատեսակ գրանցվի ՅՈՒՆԵՍԿՕ կազմակերպության կողմից: «Չեմ ուզում, քանի որ դա հասարակական, շուստրի կազմակերպություն է»: Ի դեպ՝ «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ն նոյեմբերի 16-ին Մոսկվայում ներկայացնելու է պատմական Անիի խոհանոցը: Իսկ դեկտեմբերին Հնդկաստանում խոհարարների մրցույթ է լինելու, սակայն մեր մասնակիցների ծախսերը դեռևս մասամբ են ապահովված: