Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՊԾ-ն 350 մանկապարտեզում պլանային ստուգում է իրականացրել

Հասարակություն
mail.google.com_22

Քսանից ավելի մանկապարտեզի գործունեություն դադարեցվել է, որոնց սանիտարահիգիենիկ պայմանները, մասնավորապես շենքային պայմանները, չեն համապատասխանել չափորոշիչներին: «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը՝ անդրառանալով վերջին շրջանում տեղի ունեցած թունավորման դեպքերին: Նա նաեւ ավելացրեց, որ եղել է, որ ժամանակավոր է կասեցվել տվյալ մանկապարտեզի գործունեությունը, սակայն եղել են դեպքեր, երբ մի քանի մանկապարտեզ որոշակիորեն աշխատել է շաբաթ-կիրակի. «Իսկ այն մանկապարտեզները, որտեղ արձանագրվեցին թունավորման այդ դեպքերը, վերանորոգման աշխատանքներն այդտեղ ավարտված են եւ արդեն պիտի որ աշխատեն. այնտեղ կար տաք ջրի խնդիր, վերանորոգման խնդիր, որոնք լուծվել են: Եթե չկա տաք ջուր, մենք չենք կարող խոսել սննդի անվտանգությունից»: Նրա խոսքերով՝ միայն 350 մանկապարտեզում պլանային ստուգում է ՍԱՊԾ-ն իրականացրել՝ չհաշված դիտարկումները, որոնք իրականացվել են մնացած մյուս մանկապարտեզներում: Պարոն Դանիելյանի վստահեցմամբ՝ իրենք միայն ստուգումներով չեն բավարարվել. դրանից հետո իրականացրել են տրված հանձնարարականները, կրկին կազմակերպել ենք այցելություններ՝ տեսնելու՝ արդյոք շարունակակա՞ն են աշխատանքները, թե ոչ. «Մի բան եմ ուզում ասել՝ եթե յուրաքանչյուր անձ իր աշխատանքի նկատմամբ չունի պատասխանատվության զգացում, ես կամ մեր համակարգի ցանկացած աշխատող, դառնա հրեշտակ էլ եւ տասը մասի բաժանվի, տասը մանկապարտեզում լինի, ոչինչ չի ստացվի: Եթե խոհրարարը չի գիտակցում, որ ինքը պետք է ձեռքերը լվանա, նոր հետո կտրատի բանջարեղենը, մատուցի երեխաներին, մենք ինչ էլ անենք, այդ խոհրարարը չի փոխվելու: Կան հստակ սանիտարական նորմեր, որտեղ  յուրաքանչյուրի գործողությունները նկարագրված է: Նշված է, որ պետք է բուժզննում անցնի մանկապարտեզի աշխատողը, ասենք՝  ձեռքերին կան վերքեր, թե ոչ, արդյոք առողջության հետ կապված որեւէ խնդիր ունի, թե ոչ: Մինչդեռ մարդիկ թաքցնում են, որ իրենք հիվանդ են ու գալիս են մանկապարտեզ աշխատանքի, եւ կարող են պոնտենցիալ պատճառ դառնալ մի քանի տասնյակ երեխաների հիվանդության»: Նա նաեւ նշեց, որ ՍԱՊԾ կողմից վերահսկողության փոփոխություն տեղի է ունեցել. «Նախկինում ՍԱՊԾ-ն լիազորված չէր նախակրթական ուսումնական հաստատություններում ստուգել՝ արդյոք աշխատակիցներն ունե՞ն սանիտարական գրքույկներ, թե ոչ. դա Առողջապահության նախարարության գործառույթն էր, հիմա մենք ինքներս իրավունք ունենք ստուգելու: Նմանատիպ տասնյակից ավելի խախտումներ եղել են ՀՀ ամբողջ տարածքում, թեեւ մարզերում պատկերն ավելի վատ է, երբ աշխատակիցներին ժամանակավորապես աշխատանքից ազատելու որոշումներ են եղել ծառայության պետի կողմից: Դրանից հետո այդ աշխատակիցները այցելել են առողջապահական կազմակեպություններ, ստացել համապատասխան սանիտարական գրքույկներ, որից հետո նրանց թույատրվել է աշխատել»: ՍԱՊԾ-ն համագործակցում է նաեւ Առողջապահության նախարարության հետ՝ միմյանց հետ փոխանակելով օպերատիվ տեղեկություն թունավորման դեպքերի, բռնկման օջախների վերաբերյալ: