Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԷՑ»-ի նորանշանակ տնօրենը նախկինում աշխատել է այնտեղ

Տնտեսություն
2310228271431749282

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նոր տնօրեն ունի՝ Կարեն Հարությունյանը: Լուրն «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց «ՀԷՑ» հասարակայնության և ԶԼՄ հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը: «Այսօրվանից է պարոն Հարությունյանը նշանակվել: Նա արդեն եկել ու հանդիպել է որոշ աշխատակիցների հետ»,-նշեց նա: Նորանշանակ տնօրենն էներգետիկ ոլորտում աշխատելու մեծ փորձ ունի. «Կարեն Հարությունյանը տարիներ առաջ երկար ժամանակ աշխատել է «ՀԷՑ»-ում: Նա ոլորտի մարդ է»,-շեշտեց Նատալյա Սարջանյանը: Հարցին, թե ընկերության արդեն նախկին տնօրեն Եվգենի Բիբինն այժմ Հայաստանո՞ւմ է, թե՞ մեկնել է, նա նշեց. «Դեռ այստեղ է պարոն Բիբինը»: Նշենք, որ վերջինս շարունակելու է աշխատել «Ինտեր ՌԱՕ»-ում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։ «Տաշիր»-ի ղեկավար Սամվել Կարապետյանն այս առիթով հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է. «Կրճատելու ենք ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել «ՀԷՑ»-ի  մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից»: