ՍԱՊԾ-ի պետին մտահոգում է Իրանից մեկ օրական ճտերի ներմուծումը
ՀՀ սահմանային կետերում ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները հատուկ համազգեստ կկրեն, այդպիով, էլ ավելի արդյունավետ դարձնելով ոլորտի աշխատանքները:
ՍԱՊԾ-ի պետ Արմեն Հայրապետյանը հատկապես մտահոգիչ համարեց Իրանից մեկ օրական ճտերի ներմուծումը: Ըստ նրա՝ դրանք այնուհետեւ պահվում են բակերում՝ ոչ համապատասխան պայմաններում, իսկ հետո՝ դրանք հայտնվում են խանութներում. «Լայնածավալ աշխատանքների արդյունքում մենք կարողացանք կանոնակարգել խնդիրը: Արդեն թույլատվում է բերել մեկօրական ճտերի այն քանակը, որը ապահովում է սննդի անվտանգության համապատասխան պայմանները»:
Պարոն Հայրապետյանը նաեւ նշեց, որ Թուրքիայից ու Պակիստանից ներմուծվող բոլոր պտուղ-բանջարեղեններն անխտիր անցնում են համապատասխան փորձաքննություն:
Բացի այդ, ՍԱՊԾ-ն, նրա խոսքերով, պարբերաբար ստուգումներ են իրականացնում 250 մանկապարտեզում՝ փորձելով վերացնել թերությունները: Որպես 2016թ. գերակա խնդիր՝ Արմեն Հայրապետյանն առանձնացրեց երկու հիմնական ուղղություն՝ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումը եւ բրուցելոզի դեմ պայքարը:
Ինչ վերաբերում է ֆիլոքսերա վիրուսի դեմ պայքարին, ապա ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը նկատեց՝ դրա դեմ հնարավոր չէ ոչինչ անել. վարակված այգին ամբողջությամբ պետք է այրել, քանդել. «Միակ պայքարի ձեւը բույսի դիմադրողականության բարձրացումն է՝ կանխարգելելով վարակումը: Այդ նպատակով մեր բոլոր այգիները մենք ապահովում են պատվաստանյութերով: Արդեն վարակված բույսի կյանքը ընդամենը հնարավոր է մեկ-երկու տարով երկարացնել: Աշխարհում ընդամենը երկու-երեք պետություն կա, որտեղ չկա ֆիլոքսերա, մինչդեռ եվրոպական բոլոր երկրներում եւ հատկապես Վրաստանի ամբողջ տարածքում չկա մեկ հա տարածք, որ ֆիլոքսերայով վարակված չլինի: Ի դեպ, արգելվել է դրսից ներմուծել արմատակալներ»:
