Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-ի լրագրողի գործը՝ վերաքննիչ դատարանում. քրեական գործ հարուցելու պահանջ (տեսանյութ)

Հասարակություն
marinka1

Վերացնել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ակտը եւ պարտավորեցնել նախաքննական մարմնին շարունակել նախորդ տարվա սեպտեմբերի 9-ին ԱԺ բակում տեղի ունեցած միջադեպի առիթով գործի նախաքննությունը։Նման բողոքով Վերաքննիչ դատարան են դիմել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանն ու նրա ներկայացուցիչները։ Հիշեցնենք, որ «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարվածել էր «Ա1+»-ի լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ ipad-ը։ Նա երկրորդ անգամ էլ է փորձել հարվածել, պարզապես վրիպել էր։ ՀՔԾ քննիչը որոշել էր կարճել միջադեպի գործը՝ հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ։ Այսօրվա դատական նիստը շատ կարճ տեւեց։ Դատախազ Հակոբ Ենոքյանը չէր ներկայացել դատարան։ Բայց դիմումով դատարանին տեղեկացրել էր, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ։ Ուստի դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց նոյեմբերի 6-ին։ Լրագրող Մարինե Խաչատրյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը կարծում է, որ ԱԺ անվտանգության պետ Կարեն Հայրապետյանի արարքում հանցակազմ կա եւ պետք է հարուցվի քրեական գործ հետեւյալ հոդվածով. «Լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եւ պաշտոնական դիրքը չարաշահելու համար» ։ Նա չի բացառում, որ իրենց բողոքը կմերժվի. «Պրակտիկան դա է ցույց տալիս»։