Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանին չի հաջողվում ճշտել՝ ինչ ցուցմունք է տվել փոխնախարարը (տեսանյութ)

Հասարակություն
dat-nkar

Ի՞նչ ցուցմունք է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ֆիլարետ Բերիկյանը՝ Բյուրեղավանի գիշերօթիկում 55 միլիոն դրամ չարաշահումների համար հարուցված քրեական գործի շրջանակում։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանին այսօր էլ չհաջողվեց դատարանի միջոցով ստանալ այս հարցի պատասխանը՝ քննիչից և դատախազից, քանի որ դատական նիստը հետաձգվեց։ Ըստ փաստաբանի՝ նախարարության հիշյալ աշխատակիցները հետևողական չեն եղել հաստատությունում տիրող վիճակը հսկելու համար։ «Դեռևս պատասխանատվության չեն ենթարկվել նախարարության այն աշխատակիցները, ովքեր պարտավոր էին վերահսկելու Բյուրեղավանի գիշերօթիկում տիրող իրավիճակը, սակայն իրենց պաշտոնական պարտականությունները ոչ պատշաճ են կատարել։ Պետք է քրեական գործ հարուցվի այդ աշխատակիցների ու փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի նկատմամբ»։ Ըստ Հայրապետյանի՝ առկա է պաշտոնական անփութության հանցակազմը. «Կա պաշտոնական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքը, որը ֆիքսվում է վարչապետի՝ փոխնախարարին նկատողություն հայտնելու հանգամանքով, կա պետությանը պատճառված 55 միլիոն դրամ վնասը և կա այն անձը, ով պատասխանատու է»: Փաստաբան Հայրապետյանի պնդմամբ՝ հաստատությունում պետք է լիներ 7 տասնյակից ավելի աշխատակից, սակայն եղել է ընդամենը երեսունը. «Հարց է առաջանում՝ Ֆիլարետ Բերիկյանը տարին երեք-չորս անգամ այցելել է այս հաստատություն և աշխատակիցների ժողով է կազմակերպել: Ինչպե՞ս է եղել, որ նա չի նկատել աշխատակիցների թիվը կամ երեխաների սակավությունը՝ 80-ի փոխարեն եղել է 20-30»: