Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդիկ փտում են, իրենք կայֆավատ են ըլնում». փսորիազով հիվանդն օգնության կարիք ունի (տեսանյութ)

Հասարակություն
xndir-2

51-ամյա Ազատ Առաքելյանը 10 տարի է՝ փսորիազ հիվանդությամբ է տառապում: Կնոջ հետ միասին մոտ մեկ տարի է՝ ապրում է հորաքրոջ տանը, ով միայնակ է և հյուրընկալել է ամուսիններին: Սեփական տուն չունեն: «Ա1+»-ի թղթակիցը նրանց տանն է՝ հարևանի ահազանգից հետո. «Հարևանս ուզում է կյանքին վերջ տա, եթե կարող եք, եկեք, հասեք»։ Ամսական 150.000 դրամի չափով Ազատին բուժում է տրամադրվում՝ Առողջապահության նախարարության կողմից: «Գոհ ենք դրանից, բան չունեմ ասելու: Բայց այս մարդուն հատուկ, դիետիկ սնունդ է պետք, դեղեր են պետք, որի հնարավորությունը չունենք: Ժամանակին նույնիսկ բանկերից վարկ ենք վերցրել, մինչև հիմա չենք կարողանում փակել: Ոչ մի օգնող չունենք: Պետությունն ուշադրություն է դարձնում դրսից եկածներին...»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց հիվանդի կինը՝ Անուշ Սարոյանը: Ասում է՝ մի տուփ դեղն արժե 4000 դրամ: «Եթե թոշակը տրամադրենք 4 տուփին, մի ձեռքի համար այդքանը չի հերիքի: Մեզ հիմա անհրաժեշտ է փոխադրամիջոց, որ իրեն տանեմ հիվանդանոց և սնունդ հասցնեմ: Դիմել եմ կառավարությանը, երեկ մերժում եմ ստացել: Դիմել ենք սոցիալական անապահովության կենտրոն, մեզ տրամադրել են 6 պարկ բրինձ, ոսպ և խառնուրդ, որն անասնակեր կարելի է համարել»: Թոշակն, ըստ տիկին Անուշի, ոչնչի չի բավականացնում. «Սա անբուժելի հիվանդություն է, ինչո՞ւ են 22.000 դրամ տալիս»: Ինքը մշտական աշխատանք չունի. «Ես կրթություն եմ ստացել, հիմա որտեղ դիմում եմ աշխատանքի, ասում են՝ օյ, տարիքի սահմանափակում ա: Մեկ-մեկ գնում եմ, փողով տներ եմ մաքրում: Էն օրը գնացի, մաքրեցի մեկի տունը, 7000 դրամ տվեցին, դրանից 4000 տվեցի, մի հատ դեղ առա ամուսնուս համար: Պատգամավորներին 800.000 դրամ աշխատավարձ են տալիս, իրենք առողջ, դղյակներով, մեքենաներով: Ցավ ենք ապրում ուղղակի: Մենք տուն չենք պահանջում, միայն սնունդ կամ ֆինանսական օգնություն լինի, որ այս մարդը մի քիչ լավանա, կարողանա իր հացը վաստակել: Մի պատգամավորի մի օրվա կուխնյայի սեղանի գումարը պետք է հատկացնեն, որ 20 օր բուժվի»,-ասում է տիկին Անուշը: Պարոն Ազատն էլ, երբ վերքերը փոքր-ինչ ապաքինվում են, գնում, շինարարություն է անում: Հիմա՝ այս վիճակում, իրեն հրաժարվում են որևէ տեղ ընդունել աշխատանքի: Ստիպված դիմել են մի շարք կառույցների: «Սոցապնախարարությանը դիմել ենք, խոզի կեր ա տվել: Էս ի՞նչ պետություն ա: Կառավարությանն ենք դիմել, ոչ մի բան»,-դժգոհում է նա: Հուսահատությունից նա մտածում է անգամ կյանքին վերջ տալու մասին. «Պետությունը թքած ունի, որ մարդն ինքնասպան կլինի: Տները փտում են մարդիկ, իրենք կայֆավատ են ըլնում: Եթե մարդ կա, հայ կա, թող ինձ չնչին օգնի, պառկեմ հիվանդանոց: Հեսա ընտրություններ ա, սահմանադրական փոփոխություններ ա, րոպեն մեկ դռները ծեծելու են: Եթե չեն կամենում՝ մարդիկ ապրեն, ի՞նչ սահմանադրական փոփոխություն»: Ազատ Առաքելյանը դիմում է վարչապետին, նախագահին, նախագահի կնոջը և բարերարներին՝ օգնության խնդրանքով: Ովքեր կցանկանան օգնել, հիվանդը խնդրում է զանգահարել այս հեռախոսահամարով 093 00 21 06 Անուշ Սարոյան (հիվանդի կինը)։