Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԳՆ-ն միայն աֆրիկյան պետությունների հետ է դիվանագիտական հարաբերություններ վարում» (տեսանյութ)

Քաղաքականություն
anush

Թեեւ իշխանություններն անվերջ համոզում էին, թե սահմանը հուսալիորեն պաշտպանված է, սակայն թուրքական ուղղաթիռի` Հայաստանի օդային սահմանը հատելուց հետո պարզվեց, որ արտառոց որեւէ միջադեպի դեպքում արձագանք չի լինում: «Ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից ռազմական արձագանք չի լինում, այլ նաեւ Հայաստանի արտաքին գերատեսչության կողմից դիվանագիտական նոտա չի հղվում: Այն, որ մեր դիվանագիտությունը անարձագանք ինստիտուցիա է եւ ընդունակ է ջերմ դիվանագիտական հարաբերություններ վարել միայն աֆրիկյան պետությունների հետ, հաստատ է: Սակայն տարբերությունն այն է, որ աֆրիկյան ուղղաթիռները չեն խախտում հայկական սահմանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմական ուղղաթիռները երկու օր շարունակ ապօրինի կերպով հատել էին Հայաստանի սահմանը։ Հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները 2-4 րոպե տեւողությամբ պտտվել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում։ ՀՀԿ- ական պատգամավոր Արտակ Դավթյանն էլ հակադարձում է. Քաղավիացիայի վարչության պետը պատասխանել է, որ թուրքական կողմը եղանակային վատ պայմանների պատճառով է անցել սահմանը: «Թուրքական կողմը փորձում է քաջալերել իր փոքր եղբորը»,- ասում է նա՝ միաժամանակ խորհուրդ տալով մեկ բաժակ ջրում փոթորիկ չբարձրացնել: Անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին՝ Անուշ Սեդրակյանը նշեց, որ այն ընտրական վերարտադրություն ապահովող մեխանիզմ է. «Իշխանությունը կարելի է պահել, բայց ոչ դիկտատուրայի ուժով»,- նշեց նա: Արտակ Դավթյանը համոզված է՝ դեկտեմբերի վեցը՝ հանրաքվեի օրը, լինելու է հետաքրքիր եւ բեկումնային. «Սահմանադրական փոփոխությունները մեզ համար կենաց-մահու խնդիր չեն, ինչպես կորոշի քաղաքացին, այնպես էլ կլինի: Դեկտեմբերի վեցը նախորդ երկու հանրաքվեներից տարբերվելու է էականորեն»,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը: