Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստները չհանդիպեցին Մագնուս Կառլսենի հետ

Սպորտ
aronyan2

Հայաստանի շախմատիստներին չհաջողվեց լուրջ պայքար մղել արագ շախմատի աշխարհի առաջնությունում: Մեր առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, չնայած հիմնականում մրցեց 2700 միավորից պակաս վարկանիշ ունեցող մրցակիցների հետ, սակայն 15 հնարավորից վաստակեց ընդամենը 8,5 միավոր եւ զբաղեցրեց 43-րդ տեղը: Վլադիմիր Հակոբյանը նույնպես անկայուն հանդես եկավ, սակայն առաջնության վերջնամասում չորս անընդմեջ հաղթանակ տարավ եւ 9 միավորով բարձրացավ մինչեւ 35-րդ հորիզոնական: Եթե նրան հաջողվեր հաղթել նաեւ վերջին տուրում, ապա միանշանակ կմտներ առաջին տասնյակ: Հայաստանի նախկին չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանին նույնպես չհաջողվեց բարձր տեղ զբաղեցնել: Նա մինչեւ 14-րդ տուրը լավագույնն էր մեր շախմատիստների մեջ, սակայն վերջին երկու պարտիաներում պարտվեց, այդ թվում արագ շախմատի վարպետ Վիշվանաթան Անանդին: Տիգրան Լ. Պետրոսյանին 8 միավորով ցույց տվեց 56-րդ արդյունքը: Առաջին տեղը գրավեց դասական շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը վաստակեց 11,5 միավոր եւ մեկով առաջ անցավ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուց: Այսօր կմեկնարկի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Երկու օրվա մեջ մասնակիցները կանցկացնեն 21-ական պարտիա: Հայաստանից այդ մրցաշարին կմասնակցեն 6 հոգի՝ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Զավեն Անդրիասյանը: