Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը՝ Ռուսաստան-ՆԱՏՕ կոնֆլիկտի կիզակետում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
uxx

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 3-ին և 4-ին Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցող Ռուսաստանի Դաշնության մարտական օդանավերը, հատելով սահմանը, կարճատև մուտք էին գործել Թուրքիայի օդային տարածք, ինչը միջազգային սկանդալի առիթ հանդիսացավ: Դրանից երկու օր անց, հոկտեմբերի 6-ին և 7-ին, թուրքական զինված ուժերի երկու ռազմական ուղղաթիռներ Իգդիրից Կարս ճանապարհին հատել են Հայաստանի պետական սահմանը և մի քանի րոպեով մտել են Արմավիրի մարզ: Ցուցադրական խախտում Պատասխանելով հայկական դիսպետչերական «Հայաէրոնավիգացիայի» հարցմանը՝ պաշտոնական Անկարան չի ասել, որ սահմանի հատումը պատահականություն էր, այլ ընդամենը նշել է, որ ուղղաթիռը ցանկացել է շրջանցել վատ եղանակային պայմաններով տարածքները: Սակայն այստեղ պետք է հաշվի առնել, որ սահմանն անցնում է Արաքս գետով և գետից դեպի արևմուտք եղանակն այդ օրերին բավականին նորմալ էր: Ավելին, այդ նույն պատճառով օդաչուները չէին կարող սահմանը հատել պատահաբար, քանի որ ջրառատ այդ գետը չնկատելը, մեղմ ասած, անհնար է: Եթե հաշվի առնենք, որ նախկինում նման միջադեպեր չեն եղել, իսկ այժմ դրանք թե´ քանակով և թե´ ամսաթվով համընկան ռուսական օդանավերի կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելու դեպքերի հետ, ապա կարելի է վստահաբար ասել, որ ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային տարածքի մի քանի րոպեանոց խախտումը ցուցադրական է: Առավել ևս, որ հայ-թուրքական սահմանը «պահպանում են» Ռուսաստանի սահմանապահները, որոնց գլխի վրայով էլ անցել են Թուրքիայի ռազմական օդաչուները: Սեփական կամքից անկախ Թուրքիան Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի և Հայաստանը միակ տեղն է, ուր Թուրքիան կարող է «պատասխանել» Ռուսաստանի զինվորականներին թուրք-սիրիական սահմանի միջադեպերի համար: Եվ դա առավել արդի է դառնում այն ֆոնին, որ վերջին շաբաթների ընթացքում ռուս-թուրքական հարաբերությունները բավականին վատթարացել են: Ռուսական օդուժի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումը բավականին սուր է ընդունվել ՆԱՏՕ-ի կողմից, իսկ տարածաշրջանում «Իսլամական Պետության» դիրքերը ռմբակոծող բրիտանական օդանավերի օդաչուներին տրվել է որոշ վտանգավոր դեպքերում ռուսական մարտական օդանավերի վրա կրակ բացելու թույլտվություն, ապա կարելի է արձանագրել, որ «օդային տարածքներ խախտելու» հակամարտությունը կամաց-կամաց վերածվում է ՆԱՏՕ-Ռուսաստան կոնֆլիկտի: Եվ այդ կոնֆլիկտի առաջնագծում սեփական կամքից անկախ հայտնվում է նաև Հայաստանը… Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»