Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանության փորձ Տավուշի մարզում

Պաշտոնական
zenq1

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Հաղարծին գյուղում Տ.Թամրազյանի նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ և շարժառիթը։ Մեղադրանք է առաջադրվել առերևույթ հանցագործություն կատարած անձին: Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Հաղարծին գյուղի կենտրոնում Տ.Թամրազյանի ուղղությամբ կրակել է նույն գյուղի բնակիչ Գ.Պետրոսյանը՝ ձեւավորված անբարյացակամ փոխհարաբերությունների պատճառով սպանության սպառնալիքներ տալով։ Կրակոցի հետեւանքով Տ.Թամրազյանը մարմնական վնասվածք է ստացել ձախ ուսի շրջանում։ Քննությամբ պարզվել է, որ միջադեպը շարունակություն չի ունեցել մեկ այլ քաղաքացու միջամտության արդյունքում։ 2015 թվականի հոկտեմբերի 9-ին Գ.Պետրոսյանը ձերբակալվել է։ Հանցագործության գործիք հանդիսացող «ՏՕԶ-8» մոդելի 5.6 մմ տրամաչափի հրացանն առգրավվել է։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 12.10.2015թ. Գ.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին