Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարչապետը կաշկանդված է իր գործողություններում» (տեսանյութ)

Տնտեսություն
Diana-nkar-Gagik

Խոսելով 2016թ-ի բյուջեի մասին՝ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն այն անվանեց «յոլա գնալու» բյուջե, որը նրա համոզմամբ՝ որևէ զարգացում չի ապահովելու։ «2016թ-ի բյուջեի հարցում կառավարությունը կաշկանդված է ու շատ զգուշավոր, սակայն դա միայն նրանց մեղքը չէ։ Ներկայիս կառավարությունը վատ ժառանգություն է ստացել, այսինքն՝ այս ամենը հետևանք է նաև նախորդ կառավարության վատ աշխատանքի»,-նշեց Գագիկ Մակարյանը՝ հավելելով նաև հետյալը. «Կրթության ոլորտին հատկացված է 250 միլիոն, պաշտպանության ոլորտին՝ 400 միլիոն, դրանցից ավել քիչ գումար առողջապահության նախարարությանը՝ 160 միլիոն դոլար, ահռելի գումարներ նախատեսված են սոցիալական նպատակների համար՝ մոտ 800 միլիոն դոլար, այսինքն՝ բյուջեի մեկ երրորդ մասը և այլն։ Սա խոսում է այն մասին, որ այս տարի ևս, ինչպես նախկին տարիների բյուջեները, ոչ մի դրական արդյունք չեն ապահովելու տնտեսության համար։ Ամեն տարվա բյուջեն կարծես նախորդի շարունակությունը լինի։ Մենք ստիպված ենք լինելու մի կերպ ապահովել մեր եկամուտները՝ ծախսերը կրճատելու հաշվին։ Եթե նույնիսկ չնչին զարգացում էլ ապահովող բաներ կան այս տարվա բյուջեում, ապա դա ևս շատ ռիսկային է, քանզի այլ երկրներում կարող է աշխարհաքաղաքական վիճակներն այնպես փոխվեն, որ նույնիսկ այդ չնչին աճն էլ չստացվի։ Եթե այլ երկրների բյուջեներն են «քոփի փաստ» անում, ապա պետք է հաշվի առնեն տվյալ երկրի տնտեսական վիճակն ու մեր երկրի վիճակը, աշխատող մոդել կլինի՞ դա արդյոք մեր երկրում, թե՞ ոչ»։ Կառավարության այն հայտարարությունները, թե 2,2% տնտեսական աճ է լինելու ՝ բանախոսի կարծիքով՝ բավարար ցուցանիշ չէ , պետք է խոսել առավել բարձր և երկնիշ թվերի մասին։ «Այս ամենն ապահովելու համար մեզ նաև որակյալ աշխատուժ է հարկավոր, ներդրումներ են հարկավոր, բայց մեր լավագույն մասնագետներն այսօր հեռանում են մեր երկրից»,-ասաց նա։ Պարոն Մակարյանը հակադարձեց նաև էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի այն հայտարարությանը, որ քաղաքացիները մաշկի հետ կապված խնդիրներ ունեն, եթե տնտեսական աճն իրենց մաշկի վրա չեն զգում։ «Ես նրան կառաջարկեի ինքն էլ իր մաշկի զգայունությունը բարձրացներ՝ նման հայտարարություններով հանդես գալուց առաջ»։ Գագիկ Մակարյանն, առհասարակ, առաջարկեց էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարարներին վայր դնել իրենց մանդատները։ Նրա խոսքերով՝ վարչապետը պետք է շատ խիստ և քննադատաբար վերաբերվի իրենց գործառույթները պատշաճ կերպով չկատարող նախարարություններին, քանզի վերջին հաշվով , նրանց կատարած վատ աշխատանքի պատասխանատուն ինքն է։ «Ա1+»-ի այն հարցին, թե ինչն է խանգարում վարչապետին լինել այդպիսին, պարոն Մակարյանը պատասխանեց. «Վարչապետը պետք է լինի շատ չոր և օգտագործի իր այն բոլոր լիազորությունները, որոնք նրան տրված են Սահմանադրությունով։ Իմ կարծիքով՝ նա կաշկանդված է իր գործողությունների մեջ և ավելի շատ նա մնում է ընկերական հողի մեջ, փորձում է հարցերը ընկերական մակարդակով կարգավորել»։