Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել են Երևանի և Թբիլիսիի համագործակցությանն առնչվող հարցեր

Հասարակություն
TBILISI

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Գեորգի Սոլոմոնիայի գլխավորած պատվիրակությանը: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Երևանի տոնին մասնակցելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը՝ հատկանշելով քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումն ու փոխշահավետ ծրագրերի իրականացումը: Անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ու հարաբերությունների զարգացմանը՝ քաղաքապետ ՏարոնՄարգարյանը նկատել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամությունն իսկապես կարևոր խթան է Երևանի և Թբիլիսիի բարեկամական ու գործնական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար: «Հաշվի առնելով մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը` մենք պետք է էլ ավելի սերտացնենք ու խորացնենք երկու քաղաքների միջև առկա հարաբերություններն ու գործնական ընթացք տանք փոխգործակցության շատ ծրագրերի: Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցության համար, և համոզված եմ, որ երկուստեք փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ առաջիկայում կունենանք նոր ձեռքբերումներ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Թբիլիսիի փոխքաղաքապետ Գեորգի Սոլոմոնիան նախ Տարոն Մարգարյանին է փոխանցել «Էրեբունի-Երևան» տոնակատարության առթիվ քաղաքապետ Դավիթ Նարմանիայի շնորհավորական ուղերձ-նամակն ու ջերմ ողջույնները, նաև Թբիլիսիի քաղաքապետի անկեղծ ափսոսանքը, որ հնարավորություն չի ունեցել անձամբ  մասնակցելու Երևանի տոնին: Այնուհետ, անդրադառնալով երկու մայրաքաղաքների գործընկերային հարաբերություններին` Գեորգի Սոլոմոնիան իր հերթին ընդգծել է, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունն արդեն իսկ պարարտ հող է` Երևանի և Թբիլիսիի համագործակցության առավել սերտացման ու ընդլայնման համար: «Երևանը մեզ համար ոչ միայն վստահելի գործընկեր է, այլև շատ թանկ բարեկամ, որը միշտ պատրաստ է հարազատի նման սատար կանգնել ընկերոջը: Մեր անշահախնդիր բարեկամությունը հերթական անգամ ապացուցվեց այս տարվա ամռանը, երբ Թբիլիսին աննախադեպ ջրհեղեղի պատճառով ծանր կացության մեջ հայտնվեց: Դուք առաջիններից մեկն էիք, ով իր նախաձեռնությամբ պատրաստակամություն հայտնեց ըստ ամենայնի աջակցել մեզ՝ աղետի հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներում: Օգտվելով առիթից՝ մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ, այդ սրտացավության և իսկական բարեկամին վայել քայլի համար: Եվ մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր երկու ժողովուրդների գալիք սերունդները ևս շարունակեն ու էլ ավելի խորացնեն մեր բազմադարյա եղբայրական կապերը: Ու համոզված եղեք, որ Երևանը մեզ համար իսկապես հարազատ քաղաք է, և մենք ի սրտե ենք մասնակցելու քաղաքի տոնին նվիրված միջոցառումներին»,- ընդգծել է Գեորգի Սոլոմոնիան և առիթն օգտագործելով՝ Երևանի քաղաքապետին հրավիրել է մեկ շաբաթ անց այցելել Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանի մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն