Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այդ ո՞նց եղավ, որ մեր իշխանությունները հանկարծ այդքան բարիացան» (տեսանյութ)

Քաղաքականություն
MM97921866698992877_o

Սահմանադրության առաջարկվող նախագծի մարդու իրավունքների բաժնում առկա են բազմաթիվ թերություններ և ոչ լիարժեք սահմանումներ: «Այս նախագիծը սահմանում է, որ մարդը չի կարող անել այն, ինչը չի հակասում այլոց իրավունքներին և չի հակասում օրենքներին ու Սահմանադրությանը: Այսինքն՝ ցանկացած գործողություն, որը մարդը կանի, կարող է սահմանափակվել՝ վկայակոչելով Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմունքները,- նշում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ չնայած կողմ է կառավարման խորհրդարանական համակարգին, սակայն իր համար ընդունելի չէ, երբ դրան անցնելու պահանջը գալիս է ոչ թե ժողովրդի, այլ իշխանությունների կողմից: «Ես չգիտեմ մի երկիր, որտեղ ինքը՝ իշխանությունն իր նախաձեռնությամբ սահամանփակում է իր իշխանությունը: Եվ հանկարծ՝ այդ ո՞նց եղավ, որ մեր իշխանությունները հանկարծ այդքան բարիացան և որոշեցին իշխանության տարանջատում անել»,- կարծում է իրավապաշտպանը: «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը վստահ է՝ Ազգային ժողովում Սահմանադրության նախագծի ընդունումը չի համապատասխանում հանրության իրական տրամադրություններին: «APR Group-ի հետազոտությունների համաձայն՝ հանրության 65 տոկոսը գտնում է, որ սահմանադրական փոփոխությունները պետք չեն, 15 տոկոսը չգիտի՝ պե՞տք  է, թե ոչ: Այսինքն՝ բացարձակ մեծամասնության մեջ նման պահանջ չկա»,- ասում է քաղաքագետը: Մեդիակենտրոնի  կազմակերպված այս քննարկմանը մասնակցելու հրավերը իշխանությունների ներկայացուցիչները չէին ընդունել: Ի դեպ, այսօրվանից պաշտոնապես մեկնարկել է Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: