Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողներն արդեն սպառնալիք են համարվում

Հասարակություն
9086300b8035a1118686e4f1ce09c19e

Երբ լրագրողներին և լրատվամիջոցներին սկսում են մեղադրել երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգևոր-մշակութային ճգնաժամի կամ հետընթացի մեջ, ուրեմն շուտով սկսվելու է նրանց դեմ միջոցներ ձեռք առնելու փուլը: Այդ փուլը կարծես թե սկսվել է, ընկերներ: Գուցե չարժեր այսպես ծայրահեղ մտածել, բայց անցյալ շաբաթվա իրադարձությունները հաստատում են, որ լրագրողներն այլևս … «սպառնալիք են» համարվում: Որ այդպիսիք մեր մասնագիտության մեջ իրոք կան, ինչպես կան այդպիսիները նկարիչների, բժիշկների և նույնիսկ… ձկնորսների մեջ, անվիճելի է, սակայն դա պատճառ չէ խաչակրաց արշավանք սկսել մասնագիտության բոլոր կրողների դեմ: Ինչպես ասում են՝ թացն ու չորը խառնելով իրար: Մյուսների նկատմամբ էլ կարիք չկա. ինքնակարգավորումն այս դեպքում շատ ավելին կարող է անել, քան ամեն տեսակ ճնշումները: Եթե իհարկե մամուլի հետ հարաբերությունների ընտրված մոդելը Ադրբեջանինը չէ: Օրինակ, աշնանային բերքահավաքի սկբից ի վեր լրատվամիջոցները փորձում են լինել գյուղացիների, բերք հանձնողների կողքին, որոնք ամեն անհավանական խոչընդոտ հաղթահարելով, երբեմն կարողանում են, երբեմն էլ չեն կարողանում մթերել տալ իրենց տարվա չարչարանքի ու ներդրումների արդյունքը: Շատ դեպքերում հենց միայն լրագրողների միջամտությունից հետո են կոնկրետ մարդկանց բերքը մթերել: Իսկ հիմա այդ հուսահատ մարդկանց, ամենայն հավանականությամբ, դրդում են հանդես գալ լրագրողների դեմ՝ «վրդովվելով լրատվամիջոցների ապատեղեկատվությունից»: Այս ամենն արձանագրող լրագրողները, կես կատակ-կես լուրջ իրենց դեմ միջոցն էլ են առաջարկում. «Մնում է …. մարզերում հսկիչ անցագրային կետեր դնել և արգելել «թարախ» լրագրողների մուտքը, որպեսզի խաղողագործներն ու վերամշակող ընկերությունների սեփականատերերը ջան ասելով, ջան լսելով խաղող մթերեն»: Մինչ լրագրողները «միջոցներ են առաջարկում», այդ միջոցների տեղը վաղուց իմացողներն արդեն կիրառում են դրանք: ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետը սկսել է պաշտպանել խորհրդարանի տարածքները լրագրողներից: «Նա և Ազգային ժողովում անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս լրագրողներին մոտենալ այն տարածքին, որտեղով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի օրերին խորհրդարանի շենք է մտնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Խնդիրն այն է, որ հարցուպատասխանի օրերին լրագրողները փորձում են վարչապետին հարցեր ուղղել ԱԺ շենքի հետնամուտքում, որտեղով նա շենք է մտնում»,- հաղորդում են լրատվամիջոցները: Լրագրողներին այդ ընթացքում հորդորել են դա անել «համապատասխան վայրում»: Դա դեռ ոչինչ՝ հարցին, թե «ե՞րբ են լրագրողները վտանգ ներկայացրել վարչապետի համար» Ա.Բաբայանը պատասխանել է՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին: Եթե անգամ այդ պահին համեմատությունը տեղին չի թվացել, սակայն այդ զուգահեռը առիթ դարձավ՝ հիշելու, թե ինչպես են որոշ լրագրողներ նույն չարաբաստիկ հոկտեմբերի 27-ին ձայնագրիչները միացրած, շարունակել աշխատել կրակահերթերի ժամանակ և դրանցից հետո: Հավանաբար այն ժամանակ էլ չէին հասկանում, որ ոչ տեղը, ոչ էլ ժամանակը, ախր, հեչ համապատասխան չէին լրագրողի աշխատանքին: Երևանի մամուլի ակումբի ամփոփագրից