Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանցիները մտավախություն ունեն Հայաստանում բիզնես սկսելու հարցում (տեսանյութ)

Տնտեսություն
iranciner

60-ից ավելի իրանցի գործարար Հայաստանում է՝ ուսումնասիրելու համատեղ ձեռնարկություններ ստեղծելու և արտադրանքը Հայաստանից արտահանելու հնարավորությունները: Իրանի նկատմամբ դեռևս կիրառվող սանկցիաների պատճառով երկու երկրների միջև առևտուրն իրականացվում է դժվարություններով: «Դժվարություն կա բանկային փոխանցումների վերաբերյալ սահմանափակումների պատճառով: Երբ գործարարներն առևտուր են անում, այդ գումարը փոխանցելու խնդիր ունեն և դա դժվարացնում է գործը: Երբ գումարը չկարողանանք փոխանցել, շատ մեծ դժվարություններ է առաջանում»: Հայաստանում ձեռնարկություն հիմնելու ցանկություն ունի նաև հարևան երկրից ժամանած գործարար Դանշվար Շահրոխը: Ըստ նրա՝ այստեղ իրենց լավ խոստումներ տալիս են, սակայն մտահոգություններ ևս առկա են: «Եթե հետագայում պրոբլեմ չի լինի հարկերի, թույլտվություն ստանալու համար, իրանցի գործարարներ այստեղ կգան, սակայն երբ գան տեսնեն, որ առկա են նման խնդիրներ, որևէ բիզնես չի գա»: Ինչո՞ւ պետք է իրանցիները ներդրումներ անեն Հայաստանում այն պարագայում, երբ հայ գործարարները ձգտում են այլ երկրներ տեղափոխել իրենց կապիտալը: «Ունենք բավական որակյալ աշխատուժ, ունենք բավական ազատական օրենսդրություն, ունենք ազատ առևտրի գոտիներ, ունենք օտարերկրյա ներդրումները պաշտպանող օրենսդրություն»,- ասում է Հայաստանի զարգացման գործակալության ներկայացուցիչ Պարույր Ջանգուլյանը: Հայաստան կարելի է առանց մաքսատուրքի ներմուծել 7200 ապրանքատեսակ, մինչդեռ Իրան արտահանումների դեպքում հայ գործարարները գտնվում են անհավասար պայմաններում: «Մենք հիմա իրենց հետ քննարկում ենք խնդիր, որ իրենց մոտ մաքսատուրքը հավասարեցվի մեր մաքսատուրքին, որովհետև հայ բիզնեսմեններին ձեռնտու չի Իրան ներմուծել իրենց արտադրանքը. դրան խանգարում է Իրանի օրենքը»,- նշում է Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը: Համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2014-ին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 4.9%-ը բաժին է ընկել Իրանի հետ առևտրին: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 291 մլն դոլար, որից` Հայաստանից արտահանումը կազմել է 84,6 մլն դոլար, ներմուծումը՝ 206,5 մլն դոլար: