Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեւոնին Լենին պապիկ եք դարձնում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
baxdasaryan

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր ԱԺ ճեպազրույցներին հայտարարեց, որ դեռ կուսակցությունում չեն քննարկել, թե ինչ ֆորմատով են մասնակցելու «այո»-ի քարոզարշավին՝ ՀՀԿ-ի՞ հետ, թե՞ առանձին. «Մեր դիրքորոշման մասին առանձին կհայտնենք»: Նա անդրադարձավ նաեւ կուսակցությունից պատգամավոր Էլինար Վարդանյանի հեռացնելու հարցին. «Նրա կողմից պասիվ գործունեություն է եղել: Մի քանի գործողություններ են եղել նրա կողմից, որ ԲՀԿ-ն տեղյակ չի եղել. գնացել է  գործուղման ու տեղյակ չի պահել ԲՀԿ-ին, խմբակցության նիստերին չի մասնակցել: Մեր ներքին խոհանոցային հարցեր են, որոնց պարագայում ես չեմ ուզում մանրանալ»: Նա վստահեցրեց, որ, օրինակ, հարգանքով են վերաբերվում Տիգրան Ուրիխանյանի դիրքորոշմանը, որ եկավ ու դեմ արտահայտվեց սահմանադրական փոփոխություններին. «Մնացած բացակաների հետ կապված խմբակցությունում հարցը քննարկվել է, հարգելի են համարվել դրանք, երբ մարդիկ եղել են, որ գործուղման են եղել, սակայն եղել են մարդիկ, որոնք այլ միջավայրում են եղել, գրառումներ են արել, թեեւ ՀՀ-ում են եղել ու չեն եկել ԱԺ՝ քվեարկության: Սկզբունքայնությունից ելնելով՝ պետք է գային դահլիճ ու հստակ դեմ քվեարկեին, այլապես ես, օրինակ, կարող եմ կարծել, որ այդպիսով նա կամ այո է ասել, կամ՝ ձեռնպահ»: Ինչ վերաբերում է Էլինար Վարդանյանին կամ Ստեփան Մարգարյանին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնից զրկելուն, ապա Վահե Էնֆիաջյանը նշեց, որ ԲՀԿ-ն նման քայլի որեւէ ձգտում չունի. «Եթե մենք ուզենայինք հանձնաժողովի նախագահների պաշտոններից նրանց զրկել, մենք դա վաղուց արած կլինեինք. այդ որոշումը մնում է իրենց հայեցողությանը»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նորմալ է վերաբերվում ՀՅԴ եւ ՕԵԿ այն հայտարարություններին, որ իրենք հաջորդ խորհրդարանում մեծամասնություն են լինելու. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ձգտում է մեծամասնության: Մենք ողջունում ենք այդ լավատեսությունը ու հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին լինել այդպիսին, դրանցի ՀՀԿ-ն բացի ողջունելուց, այլ բան չի կարող ասել»: Թե որ քաղաքական ուժերի հետ է ՀՀԿ-ն անելու «այո»-ի քարոզչությունը, պարոն Բաղդասարյանի խոսքերով՝ այդ մասին քննարկում չեն արել: Երբ լրագրողներից մեկը Վահրամ Բաղդասարյանից հետարքրքվեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի արտահայտած կարծիքից, թե հասարակությունը դեմ է սահմանադրական փոփոխություններին, ու այդ հարցում չկա կոնսենսուս, նա պատասխանեց «Լեւոն, Ջհանգիր, Սասուն... Դուք անուններ եք տալիս՝ որպես անհատներ, սակայն դրանք քաղաքական ուժեր չեն: Իսկ հասարակությունը դեմ չէ: Լեւոնին Լենին պապիկ եք դարձնում, որ ես անընդհատ սեւեռվեմ անձերի վրա: Պատգամավորը կարող է հանիրավի մեղադրանքներ անել, օրինակ, Վենետիկի հանձնաժողովին ու անպատիժ մնալ»: