Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե լրագրողները թափանցիկ աշխատեն, ավելի շատ վստահություն կվայելեն. ամերիկացի լրագրող

Քաղաքականություն
unnamed24

Առաջին բլոգերներից մեկը, քաղաքացիական մեդիայի մասին գիրք գրողը (երբ, գրեթե ոչ ոք տեղյակ չէր այդ գաղափարից), Սիլիկոնային հովտում հրատարակվող թերթի՝ «Սեն Ջոս Մերկուրի նյուզի», «Տեխնոլոգիաներ» եւ «Բիզնես» սյունակների սյունակագիրը ե՛ւ համացանցի բումից առաջ, ե՛ւ դրանից հետո. նա ամերիկացի լրագրող Դեն Գիլմորն է։ Մարդ, ով Ջեյմս Ֆելոուզի բնորոշմամբ՝ավելի խոր, արդյունավետ ու երկար է մտածել մեդիա էվոլյուցիայի հաջորդ փուլերի մասին, քան ուրիշ որեւէ մեկը։ Նրա «Մեդիակտիվ» գրքի հայերեն թարգմանությամբ տարբերակի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ։ Իսկ այսօրվանից սկսվեցին նրա դասախոսությունները։ Առաջին հանդիպումը ԵՊՀ-ի լրագրության ֆակուլտետի ուսանողների հետ էր։ «Մեդիակտիվ դարձեք» քարոզողը ելույթ ունեցավ անգլերեն՝ նշելով. «Մեկ լեզվով խոսողներին անվանում ենք ամերիկացի»։ Լրագրությունն ու լրագրողական կրթությունը փոփոխությունների է ենթարկվում՝ ասում է Դեն Գիլմորը. «Փոփոխություններին մենք փորձում ենք հարմարվել։ Նախանձում եմ ձեզ՝ուսանողներիդ, քանի որ դուք եք լրագրության ապագան, լրագրություն կերտողը, ոչ թե մենք»։ Ասում է՝ լրագրողական կրթության առավելությունները շատ են պետք է տիրապետել դրանց. «Ինձ ոչ ոք չի խնդրել ղեկավարել լրագրության ֆակուլտետ և շատ իմաստուն որոշում է, քանի որ ես չունեմ համապատասխան որակավորումներ, բայց ունեմ մասնագիտական առավելություններ»։ unnamed1 Լրագրողներին առաջարկում է՝տիրապետել բիզնես կանոններին. «Լրագրությունը բիզնես է։ Ես չեմ ասում, որ դուք պետք է լրագրությունը բիզնես շահերին օգտագործեք, այլ ասում եմ, որ իմանաք բիզնես կանոններ։ Նաեւ հավելեմ, որ սովորաբար լրագրողները թույլ են մաթեմատիկայից, պետք է ավելի ուժեղ լինեք այդ առարկայից»։ Ամերիկացի լրագրողը նշում է լրագրության կարեւոր սկզբունքների մասին. լինել մանրակրկիտ, արդար, ճշգրիտ. «21-րդ դարի համար եւս մեկ սկզբունք կա՝ եղեք թափանցիկ, բացատրեք ձեր լսարանին, թե ինչ եք անում եւ ինչու։ Մենք խեղդվում ենք տեղեկատվության ծավալների մեջ և դրանց մեծ մասը սխալ տեղեկատվություն է հաղորդում։ Սրա պատճառով է, որ հասարակության կողմից ԶԼՄ-ի նկատմամբ անվստահելիություն է ձևավորվել։ Եթե լրագրողները ավելի թափանցիկ աշխատեն, ավելի շատ վստահություն կվայելեն, քան վայելում են այսօր։ Նրանք կարող են և պետք է դառնան մեդիագրագիտության առաջնորդները։ Հիմա լրագրությունն ավելի լուրջ նպատակներ պիտի ունենա, քան առաջ, քանի որ լրագրողի որակավորումն ու աստիճան ստանալը բազմաթիվ կարիերաներից մեկի սկիզբն է։ Նախկինում այսպիսի կրթությունը ավելի մեծ պահանջարկ չի եղել»։ Դեն Գիլմորի գրքի օնլայն տարբերակը եւս կա։ Տպագիր տարբերակը մի մասն է իր ամբողջ աշխատության, իսկ ավելի ծավալուն տեղեկատվություն ստանալու համար պետք է օգտվել էլեկտրոնային տարբերակից։ Թե ինչու է անհրաժեշտ, բացի ուշադիր ընթերցող լինելուց մասնակցություն ունենալ նաեւ մեդիա գործընթացին, գրքում պարզաբանված է։ Գիրքը ներկայացնում է գաղափարներ՝ լինելու իրազեկված համայնքային մասնակից՝ միմյանց փոխանցելով ոչ միայն հղումներ, այլեւ դրանք ուղեկցող փաստեր։ 211 էջ ու 11 գլուխ ունեցող գիրքը սովորեցնում է քննադատաբար մտածել։ Հետազոտող Քլեյ Շիրքի համոզմամբ՝ Դենը գիտի՝ ինչ է ասում։ Լավ կանենք՝լսենք նրան։ Մեզ հետ զրույցում նշեց նաեւ, որ դեռ չի ուսումնասիրել հայաստանյան լրատվամիջոցները եւ չի կարող ասել՝ ինչ թերություններ ու առավելություններ ունեն.«Իմ այստեղ լինելու առաջին նպատակներից մեկը դասախոսություններ իականացնելն է։ Երիտասարդներին պետք է ավելի վաղ սովորեցնել ոլորտի նրբությունների մասին»։