Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուք բոլորիս օմբուդսմենն եք». Շարմազանովը՝ Կարեն Անդրեասյանին

Քաղաքականություն
index1

Ցանկացած իրավապաշտպան, լրագրող, ընդդիմության ներկայացուցիչ կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին`իրենց ոտնահարված իրավունքների հետ կապված: Այսօր ԱԺ-ում 2014 թ զեկույցը ներկայացնելուց հետո նշեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: «Լավ կլինի իշխանության ներկայացուցիչներն էլ ձեր ուշադրության կենտրոնում լինեն, դուք բոլորիս օմբուդսմենն եք»,- հակադարձեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ավելացրեց, որ իշխանության ներկայացուցիչների իրավունքները չեն ոտնահարվում: Այսօր Կարեն Անդրեասյանը նշեց, որ 2014 թ զեկույցում  իրավապաշտպանների եւ փաստաբանների նկատմամբ հետապնդում իրականացնելու վերաբերյալ սուր հարցադրումներ չեն եղել: Նա կոչ արեց իրավապահ մարմիններին ավելի զգոն լինել: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին  հետաքրքրում էր, թե ինչպես անել, որ վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովը չգործի. « Ինչպես անել, որ չաշխատի, որովհետեւ աշխատելուց ավելի վնաս է տալիս: Այդ հանձնաժողովի գոյության նպատակահարմարության վերաբերյալ լուրջ խնդիր կա: ՔԿՀ-ի ղեկավարները անգամ ասում են, թող չմտնի հիմնարկ` անառողջ կրքերը ավելի են սրվում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը համոզված է, որ վերջին տասը տարվա ընթացքում հանձնաժողովը բավականաչափ արդյունավետ չի գործել: Օմբուդսմեն նշանակվելու հենց հաջորդ օրն էլ ներկայացուցիչներին արգելել է գնալ նիստերին. «Երբ գնում էինք, դառնում էինք միայն դակող, մեր բացակայությունն էլ միայն դատապարտյալներն էին նկատում»,- նշեց օմբուդսմենը: