Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-ին խաղից դուրս հանեցիք. Զուրաբյանը՝ Բունիաթյանին

Քաղաքականություն
425fe948411c236608ce381e7aa6d61d

ԱԺ-ում այսօր ՀՌԱՀ 2014թ. հաղորդման քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանից պահանջեց պարզաբանել, թե ինչու թվայնացման գործընթացը առաջ չի գնում. «Հիմա, չգիտեմ, Տրանսպորտի եւ կապի նախարարությունը չի անում իր գործը, դուք չեք անում ձեր գործը: Ի՞նչն է խնդիրը, որ սա միշտ հետաձգվում է, եւ անորոշության մեջ դնում ՀՀ-ում հեռուստաընկերություններին»: Նա նաեւ հետաքրքրվեց` Սերժ Սարգսյանը ցանկանում է նշանակել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, իսկ դա նշանակում է, որ որոշակի պատասխանատվություն նաեւ ՀՌԱՀ-ի վրա է դրվելու. «Հեռուստաընկերությունները պարտավոր են հավասար պայմաններ ստեղծել հանրաքվեին մասնակցող ուժերի, այս դեպքում` «ոչ»-ի եւ «այո»-ի համար: ՀՌԱՀ օրենքով հստակ նշված են այն մեխանիզմներով, որոնցով կարող եք ազդել հեռուստաընկերությունների վրա, որ նրանք պահպանեն հավասարությունը: Արդյոք պատրա՞ստ եք իրագործել ձեր լիազորությունները»: Պարոն Զուրաբյանի մյուս հարցը վերաբերում էր «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, որը «Ա1+»-ին հաղթել էր մրցույթում, եւ ստացավ տեղեկատվական հեռուստաալիքի լիցենզիա, բայց այսօր լրիվ ազատվել է այդ պարտականություններից. «Դա հակասում է մրցույթի պայմաններին»: ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը տեղեկացրեց, որ թվայնացումը տեխնիկական առումով ավարտվել է, եւ այսօր թվային հեռարձակումը գործնականում ամբողջ հանրապետությունում իրականություն է, իսկ անալոգային հեռարձակումն ուղղակի զուգահեռ իրականացվում է: Ինչ վերաբերում է հանրաքվեի ժամանակ հավասար պայմանների ապահովմանը, նա վստահեցրեց, որ ՀՌԱՀ-ն իր գործառույթներն իրականացնելու է. «Եթե խնդիր կամ հարց լինի, առաջարկում եմ դիմել, մենք պատրաստ ենք համագործակցության»: Գագիկ Բունիաթյանի խոսքերով` իրենք հետեւում են «Արմնյուզ»-ի եթերին. «Տեղեկատվությունը ներկայացված է, ուղղակի խնդիրը հետեւյալումն է` «Արմնյուզ»-ը ինչ-որ չափով փոխել է միջտեղեկատվական գեղարվեստական ուղղվածությունը եւ փորձ է արվում ավելի լայն հեռուստադիտող ընդգրկել` անցնելով մի քիչ երիտասարդական ուղղվածություն ձեռք բերելուն: Իսկ տոկոսային հարաբերակցությամբ, տեղեկատվության բոլոր նորմերը պահպանվում են: Մի բան էլ ասեմ` տեղեկատվությունը միայն քաղաքականությունը չէ»: Արձագանքելով` Լեւոն Զուրաբյանը ասաց. «Ա1+»-ին խաղից դուրս հանեցիք «Արմնյուզ»-ով, հիմա ստացվում է, որ ըստ էության, տեղեկատվական կանալ չի այն: Տեղեկատվությունը իրականում վերաբերում է նորություններին, քաղաքական իրադարձությունների լուսաբանմանը: Ստացվում է` քաղաքական որոշակի ուղղվածություն ունեցող հեռուստաընկերությանը խաղից դուրս եք հանել ի օգուտ մեկ այլ քաղաքական ուղղվածություն ունեցող հեռուստաընկերության, իսկ հետո պարզվում է, որ այդ հեռուստաընկերությունը ընդհանրապես նպատակ էլ չունի քաղաքական լուսաբանմամբ զբաղվելու: Շատ տգեղ բան է ստացվում»: