Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պոպուլիստական ելույթների թարգը տվե՛ք». Տարոն Մարգարյան (տեսանյութ)

Հասարակություն
screenshot00005

Երևանի ավագանու այսօրվա նիստին անդամներից մի քանիսի մոտ դժգոհություն առաջացրեց հատկապես դերասանուհի, մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանին և բանաստեղծ, թատերագիր Վահրամ Սահակյանին բնակարան տրամադրելու որոշումը։ «Արդյո՞ք տեղատեսություն արվել է՝ այդ մարդկանց բնակարանային պայմանները պարզելու համար։ Ճիշտ կլիներ, որ մենք քաղաքապետարանի կայքում տեսնեինք բնակարանի համար դիմածների ամբողջ ցանկը։ Նույն Վահրամ Սահակյանի կամ այլ մշակութային գործչի պարագայում հանրությունը հարց է բարձրացնում. արդյո՞ք միայն նրանք են դիմել և արդյո՞ք միայն նրանք էին կարիքավորը։ Հանրությունը չգիտի՝ ովքե՞ր են դիմել, Վահրամ Սահակյանը ե՞րբ է դիմել։ Պետք է տեսնենք դա, որպեսզի պարզ լինի։ Մենք ուղղակի պետք է կարդանք մարդկանց դժգոհություններն ու անցնենք առա՞ջ։ Նրանք մեր քաղաքացիներն են»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը։ «Ձեր համար առաջնահերթություն սա եք որոշել, հիմա դա կարտահայտեք ձեր քվեարկությամբ։ Վահրամ Սահակյանը կարողանում է բնակարան վարձել, ես շատերին գիտեմ, որ դրա հնարավորությունն էլ չունեն։ Մի քանի անգամ ես իր հետ խնդիր ունեցել եմ՝ իր արտահայտությունների հետ կապված։ Եվ ինքը, եկել է ժամանակը՝ ներողություն է խնդրել»,-իր հերթին նշեց Դավիթ Սանասարյանը։ Մյուս անդամները սկսեցին խոսել, աղմուկ անել, նշելով, թե դա ի՞նչ կապ ունի։ Պարոն Սանասարյանը որոշեց այլևս չշարունակել ելույթը։ «Ես եզրափակում եմ, կարող է շատերին հարազատ է Վահրամ Սահակյանը...»։ Քաղաքապետին այս ելույթները հունից հանեցին։ «Շատ հեշտ է. երբ տեսնում ենք տեսախցիկներ, սկսում ենք մեր սիրտը բացել, որ հանրությունը տեսնի՝ ինչ ենք մտածում։ Ես խնդրում եմ ավագանու անդամներին, որ գործով զբաղվենք, ոչ թե պոպուլիստական ելույթներով, ժամանակավոր դիվիդենտներ շահելով։ Ես ցանկություն չունեմ որևէ մեկին վիրավորելու։ Իմ դաստիարակությունն ինձ թույլ է տալիս, որ լինեմ հարգալից բոլոր գործընկերներիս հետ։ Բայց թույլ չեմ տա այս թիմի աշխատանքը սևացնել։ Թույլ չեմ տա... վերջին տարիներին Երևան քաղաքում կատարված աշխատանքն ուղղակի կույր մարդն է տեսնում, դուք չտեսնեք..։ Պոպուլիստական ելույթների թարգը տվե՛ք։ Եկել ենք այստեղ՝ մեր քաղաքացու մատից փուշ հանելու, ոչ թե ելույթ ունենանք՝ մեր ընտրողներին ուրախացնենք»,-ասաց Տարոն Մարգարյանը։