Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունների կամքի հարց չկա. Բունիաթյանը՝ մարզային ՀԸ-ների մասին

Քաղաքականություն
gagik-buniatyan

ԱԺ-ն այսօր Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. հաշվետվությունն ի գիտություն ընդունելուց հետո սկսեց քննարկել ՀՌԱՀ 2014թ. հաղորդումը: Այն ներկայացնում է ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը: Նրա ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, դիմելով ՀԱԿ խմբակցության Լեւոն Զուրաբյանին, ասաց. «Հեռախոսազրույցների համար այս դահլիճը հարմար տեղ չէ»: Գագիկ Բունիաթյանին հարցեր տալու համար հերթագրմանը Լեւոն Զուրաբյանը չհասցրեց հերթագրվել եւ խնդրեց ավելացնել իր անունը: «Երեւի զբաղված էիք հեռախոսով զրուցելով, չհասցրիք, ես կլրացնեմ»,- արձագանքեց Հերմինե Նաղդալյանը: Իսկ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Գագիկ Բունիաթյանից հետաքրքրվեց մարզային հեռուստաընկերությունների ճակատագրից, որոնք պետք է մինչեւ եկող տարվա հունվարի մեկը փակվեն. «Ես նախագիծ էի ներկայացրել՝ երկու տարով հետաձգելու նրանց լիցենզիաների գործունեությունը, սակայն մինչեւ հունվարի մեկ երկարաձգվեց: Ես գիտեմ, որ պետք է նախագիծ լիներ ու այդ հարցին վերջնական լուծումը տրվեր: Վանաձորում էր, եւ բնակիչները եւս մտահոգված են այդ հարցով»: Գագիկ Բունիաթյանը նշեց, որ մի քանի տարվա խնդիր է դա. «Լոկալ այդ հեռուստաընկերությունները ժամանակին մի քանի տասնյակի էին հասնում, այս պահին նրանք ընդամենը տասն են, որոնց գործունեության ժամկետը երկու անգամ երկարաձգվել է: Նրանց հետ կապված կառավարությունն է որոշելու, թեեւ մենք էլ ենք մասնակից լինելու այդ գործընթացին: Մի քանի անգամ քննարկում է եղել մեզ մոտ, փորձել ենք գտնել ինչ-որ մի տարբերակ, որտեղ կընդգրկվեին այդ առաջարկությունները: Պետք է գտնել այնպիսի լուծումներ, որ այն հեռուստաընկերությունները, որոնք ցանկություն ունեն շարունակելու իրենց գործունեությունը, շարունակեն. տարբեր տարբերակներ էր քննարկվում, սակայն, նորից եմ ասում, դա մեր որոշելիքը չէ: Մենք կարծում ենք՝ եթե հեռուստաընկերությունը ցանկություն ունի, ապա պետք է հնարավորություններ ունենա շարունակելու գործել»: Էդմոն Մարուքյանը նկատեց, որ միջազգային մի կոնֆերանսի ժամանակ մի քանի պետության ներկայացուցիչներ փաստեցին, որ այդ լոկալ հեռուստաընկերությունների գործունեության համար պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել տվյալ երկրների իշխանությունները. «Այս խնդրի լուծումը շատ կարևոր է, քանի որ մարզերի համար շատ կարեւոր է մեդիաբազմազանության, աշխատատեղերի խնդրի լուծման համար»: Գագիկ Բունիաթյանը հակադարձեց նրան՝ ասելով, թե պետք չէ չափազանցնել այդ խնդիրը՝ աշխատատեղեր, սոցիալական խնդիր. «Այս ամբողջ ընթացքում այդ հեռուստաընկերություններում աշխատել է ընդամենը 89 մարդ: Այստեղ իշխանությունների կամքի հարց չկա. հիմա գործընթաց կա, փորձում ենք լուծումներ գտնել»: