Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականն այսօր կխաղա աշխարհի նախկին չեմպիոնի հետ

Սպորտ
sport-fransia-hajastan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր Նիս քաղաքի նորակառույց «Ալյանց Ռիվյերա» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի ընտրանու հետ: Մարզական առումով խաղը ոչ մի նշանակություն չունի կողմերի համար, ուստի դժվար է ասել, թե որ թիմն ինչպես կտրամադրվի հանդիպմանը: Ֆրանսիայի հավաքականը, որը պատրաստվում է 2016թ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին, որը տեղի է ունենալու հենց այդ երկրում, կձգտի հաղթանակ տանել եւ ուրախացնել իր երկրպագուներին: Բացի այդ դաշտի տերերի կազմում շատ են երիտասարդ ֆուտբոլիստները, որոնք ցանկանում են աչքի ընկնել ընկերական խաղերում եւ ամրապնդվել հավաքականի հիմնական կազմում: Հայաստանի հավաքականն ավարտում է Եվրո-2016-ի ընտրարշավը, քանի որ արդեն դուրս է մնացել հետագա պայքարից: Չնայած դրան, մեր ֆուտբոլիստները պետք է լրջորեն տրամադրվեն առաջիկա խաղին, քանի որ ֆրանսիացիների դեմ լավ խաղալու դեպքում կբարձրանա նրանց վարկանիշը, խաղացողներից շատերը կհայտնվեն եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում, բացի այդ հոգեբանորեն ավելի լավ պատրաստ կլինեն ընտրական փուլի Ալբանիայի հետ վերջին խաղին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքականի բոլոր ֆուտբոլիստները մասնակցել են նախախաղային պարապմունքին եւ լիովին պատրաստ են հանդիպմանը: Բուքմեյքերական գրասենյակները հանդիպման ընդգծված ֆավորիտ են համարում աշխարհի նախկին չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, որի հաղթելու հնարավորությունը 10 անգամ ավելի բարձր են գնահատում, քան Հայաստանինը (1,20 գործակից` 13,00-ի դիմաց): Հիշեցնենք, որ Ֆրանսիա – Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին, Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին: