Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանում բնակարաններ նվիրելու որոշումն ընդունվեց թեժ մթնոլորտում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
avagani

Երևանի ավագանու նիստի թեժ մթնոլորտում քիչ առաջ հաստատվեց բանաստեղծ, թատերագիր Վահրամ Սահակյանին, դերասանուհի, մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանին և ազատամարտիկ, հեղինակ-կատարող Դավիթ Ամալյանին Երևան քաղաքում անհատույց օգտագործման բնակարան հատկացնելու որոշումը։ Վահրամ Սահակյանին բնակարան հատկացնելու հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Երևանի ավագանու անդամ, «Բարև Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ այս պահին հանրության շրջանում տարբեր կարծիքներ կան վերոնշյալ անձանց բնակարան հատկացնելու հարցի առնչությամբ։ «Տեղյա՞կ եք արդյոք հանրային արձագանքին և արդյոք այդ անձանց բնակարանային պայմաններն ուսումնասիրվել են տեղում։ Նրանց կողմից միայն ներկայացված փաստաթղթերը բավարար չեն և շատերի համար համոզիչ չեն կարող լինել։ Շատերի մոտ բացասական կարծիք կա»,-նշեց պարոն Սաֆարյանը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ի պատասխան նշեց. «Ինչքան մարդ, այնքան կարծիք։ Որոշում ընդունելու գործառույթն իրականացնում է ավագանին, որն այստեղ ներկայացնում է ժողովրդի կարծիքը։ Եթե անհրաժեշտություն չլիներ, մենք նրանց բնակարան չէինք տրամադրի»։ Ստյոպա Սաֆարյանը շարունակեց հակադրվել. «Ավագանին սուբյեկտիվ նկատառումներով է առաջնորդվում, չունենք հստակ չափանիշներ և առաջնորդվում ենք պահի ազդեցությամբ»։ Քաղաքապետն էլ շեշտեց, որ հիմնվում են մասնագիտական կարծիքների վրա։ Ավագանու մյուս անդամ Դավիթ Սանասարյանը նույնպես որոշումը տրամաբանական չի համարում. «Մենք կարծում ենք, որ շատ ավելի կարիքավոր ընտանիքներ կան։ Ես դեմ եմ քվեարկելու, քանի որ բացի այլ հանգամանքներից, Վահրամ Սահակյանի քաղաքացիական պահվածքն ինձ համար անընդունելի է։ Մի հատ էլ մատ է թափ տալիս նա, թե մեկը փորձի շահարկի այս հարցը»։ Հարցը դրվեց քվեարկության։ Ավագանու բոլոր անդամները կողմ քվեարկեցին, բացառությամբ՝ Ստյոպա Սաֆարյանի և Դավիթ Սանասարյանի, մի հոգի ձեռնպահ էր։ «Բարև Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կողմ քվեարկեց. «Թող բարով վայելեն»,- ասաց նա։ Մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանին բնակարան տրամադրելու վերաբերյալ հարցը նույնպես անցավ թեժ քննարկումների ուղեկցությամբ։ «Հանրային արդարացի հարց է բարձրացվում՝ ո՞վ է դիմել և ե՞րբ է դիմել բնակարան ստանալու խնդրանքով։ Եկեք հստակ չափանիշներ սահմանենք. Ո՞ւմ ենք բնակարան տալիս»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը։ Անահիտ Բախշյանն էլ նշեց. «Կան մարդիկ, ովքեր ավելի շատ կարիք ունեն։ Օրինակ Գուսան Հայկազունը վատ պայմաններում է ապրում և շատ-շատ արժանի։ Հետաքրքիր է՝ ո՞ր հերթում է նա, կա՞, թե՞ չկա»։ Այս դեպքում ևս դեմ քվեարկեց միայն Դավիթ Սանասարյանը։ Դավիթ Ամալյանին բնակարան տրամադրելու վերաբերյալ հարցն անցավ առանց ելույթների։ Այդ պահին գրանցված ավագանու բոլոր 53 անդամները կողմ քվեարկեցին որոշմանը։