Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրային հեռուստաընկերություն չէ, այլ Սերժ Սարգսյանի մեգաֆոնն է» (տեսանյութ)

Քաղաքականություն
B2jXYbOqG5I

Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. ծրագրի քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խոսեց իդիոտ բառի նշանակությունից. «Այն առաջացել է աթենյան ժողովրդավարության ժամանակ ու բնութագրել է այն մարդկանց, որոնք չեն զբաղվում քաղաքականությամբ ու մասնակցություն չունեն հանրային գործերում: Դա է իդիոտ բառի ստուգաբանությունը: Հանրային հեռուստաընկերության առաջնային խնդիրը, որպեսզի իդիոտ հասարակություն չունենանք, պետք է հաղորդել քաղաքական ճշգրիտ տեղեկություն: Այդ գործառույթը Հանրայինը չի կատարում, այլ հակառակն ենք տեսնում, որ նա իր վրա վերցրել է իդիոտացնելու առաքելությունը՝ ինչքան հնարավոր է մարդկանց հեռու պահել քաղաքականությունից: Եթե անգամ հանրայինն անդրադառնում է քաղաքականությանը, ապա հիմնական գործառույթը իշխանության պաշտպանությունն է ու ընդդիմության վարկաբեկումը: Սա է Հանրայինի քաղաքական առաքելությունը»: Ըստ Լեւոն Զուրաբյանի, եթե Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն անկեղծ լիներ, ապա կասեր, որ ինքը առնչություն չունի քաղաքական լուսաբանման հարցերի հետ կամ որեւէ ազդեցություն, վարչական հնարավորություններ չունի. «Ո՞վ է զբաղվում քաղաքական հաղորդումների կարգավորումով ու քաղաքական քարոզչությունն առաջ տանելու գործով: Կա մի ՊՈԱԿ՝ ՀՀ նախագահի աշխատակազմին առընթեր հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն, որի տնօրենն է Արիկ Սաղաթելյանը, որը այս գործի օպերատիվ ղեկավարն է եւ ամենօրյա ցուցումներն է տալիս նաեւ մյուս հեռուստաընկերություններին: Այնտեղ կա նաեւ գլխավոր գերագույն հրմանատարություն՝ Վիգեն Սարգսյան ու Միքայել Մինասյան, նրանք ստրատեգիական ղեկավարում են անում ամբողջ ինֆորմացիոն դաշտի վրա:Սա Սահմանադրության եւ օրենքների հետ կապ չունի: Պարոն Ջաղինյան, դուք միեւնույն է, պատասխանատվություն կրում եք, քանի որ ոչինչ չեք անում՝ թույլ չտալու նման միջամտություն վերեւից: Հանրային հեռուստաընկերություն չէ, այլ Սերժ Սարգսյանի մեգաֆոնն է»: «Մի թելադրեք: Կարծես՝ ձեզ ավելի շատ ուրախացնում է անուններ հնչեցնելը»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին անդրադարձավ իդիոտ բառի նշանակությանը. «Իդիոտ բառի հայերեն հոմանիշը ապուշն է: Իդիոտիզմի մի քանի դետալների կանդրադառնամ: Ես ցավում եմ, որ Հանրայինը լավ չեք ունկնդրում: Օրինակ՝ ՀՀԿ պատգմավորները հաճախ բողոքում են, որ ամբողջ եթերով ընդդիմադիրներին են լուսաբանում: Ես ասում եմ, որ դրանից պետք է լավ զգաք, որ իրենք են էկրանից երեւում: Անուններ տամ ընդդիմադիրների, որոնք պարբերաբար երեւում են Հանրայինի եթերով՝ Հրանտ Բագրատյան, Ռուբեն Հակոբյան, Միքայել Մելքումյան, Հեղինե Բիշարյան: Դուք նայեք արխիվը ու կտեսնեք, որ այստեղ կան մարդիկ, որոնք նույն ելույթներն են ունենում տարիներ շարունակ, նույն գրչով գրված ելույթներ, իսկ Հանրայինը, ինչ է, կրկնությա՞մբ է զբաղվելու»: